Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը փաստում է. - «Մինչեւ մարտի 1-ը Հայաստանը ժողովրդավարական երկիր չէր: Բայց, ինչպես հայտնի է, վատից վատ էլ է լինում: Մարտի 1-ից 20-ը փաստորեն արգելվել էր ցանկացած ոչ իշխանահաճո լրատվության տարածումը: Այսօր իշխանության վստահությունը չվայելող քաղաքացիները որեւէ հայտնի հյուրանոցի դահլիճում հնարավորություն չունեն հավաք անցկացնելու (նույնիսկ սեմինար, ասենք, վարդերի աճեցման մասին): Հասարակական վայրում «Լեւոն» անունը բարձրաձայն արտաբերելը ծանր հետեւանքներ կարող է ունենալ՝ մարդկանց գլխին իջնող ոստիկանական մահակների տեսքով: Քաղաքական գործիչների, օրինակ՝ Արարատ Զուրաբյանի, Կարապետ Ռուբինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, անազատության մեջ գտնվելուն իշխանությունը չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, փաստացի ընդունելով, որ նրանք քաղբանտարկյալներ են: Այդ բոլոր փաստերը ցույց են տալիս, որ մարտի 1-ից հետո Հայաստանը ժողովրդավարության հիմնական չափանիշներով էական նահանջ է ապրում»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 16-ի հանրահավաքում մի այսպիսի նախադասություն արտասանեց. - «Եթե կուզեք, պետությունից էլ բարձր է մարդը եւ նրա ազատությունը», - մեջբերում է «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը եւ մեկնաբանում. - «Քոչարյանասերժական թիմի պատկերացումները բոլորովին այլ են: Ըստ այդ պատկերացման՝ պետությունը պետք է լինի կազմակերպված: Այսինքն՝ մարդը պետք է տեղավորվի պետության կողմից իր համար կազմակերպված գործառույթների շրջանակներում: Իսկ պետությունը որոշում է ամեն ինչ. ով պետք է լինի հարուստ, ով պետք է լինի աղքատ, ինչ պիտի հնչի եթերում, որ թերթը ինչքան տպաքանակ պիտի ունենա, ով պետք է ապրի Երեւանի կենտրոնում, ով պիտի տեղափոխվի ծայրամաս, ով պիտի շաքարավազ ներկրի, ով՝ բենզին, ով պիտի պատգամավոր դառնա, ով՝ քաղաքապետ: Իսկ պետականությունը երկրի հարստությունը իրենց ձեռքը կենտրոնացրած 40 ընտանիքների կազմակերպությունն է՝ Քոչարյանների եւ Սարգսյանների ընտանիքների գլխավորությամբ»:

ՀՀԿ-ի փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «վաղուց պետք է ճաղերի հետեւում լիներ»: Զոհրաբյանը հիմնավորել է. - «Թյուրիմացության մեջ հայտնված ու խաբված ամբոխին նա է մղել քրեական հանցագործության: Եվ ոչ մի դեր չի խաղում այն հանգամանքը, որ հասարակական կարգի խախտումները, իրավապահների հետ բախումները, թալանն ու ավազակությունը կատարվել են քաղաքական միջոցառման ենթատեքստում: Դատարանի խնդիրը քաղաքական ու քրեական գործոնները հանգամանորեն իրարից զատելն է, որը հաջողությամբ առ այսօր կատարվում է»:

«Չորրորդ իշխանություն»-ը այսպես է ներկայացնում Ջոն Պրեսկոտի զեկույցը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում. - «Զեկույցն, իհարկե, անդրադառնում է նաեւ ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ ընտրակեղծիքներին եւ օրինախախտումներին: Օրինակ, «հեռուստաընկերությունների եթերում հավասարակշռությունը Սերժ Սարգսյանի օգտին է եղել», Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցություն հայտնած մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաներ աշխատանքից հեռացվել եւ ձերբակալվել են, նրա վստահված անձանց նկատմամբ ընտրությունների օրը բռնություններ են կիրառվել, ընտրակաշառքի դեպքեր են արձանագրվել եւ այլն: Եվ պատկերացրեք` այս ամենով հանդերձ, զեկույցի հեղինակները ֆանտաստիկ եզրակացության են հանգել: Այն է` «Ընտրությունները հիմնականում անցել են ԵԽ ստանդարտներին համապատասխան»: Երեւի ԵԽ ստանդարտները պահանջում են, որ ընտրությունների օրը ընտրակեղծիքները կանխել փորձողներին անպայման ձերբակալեն, հետո կրակեն ցուցարարների վրա, ընդդիմության թեկնածուին տնային կալանքի ենթարկեն, մի 150 հոգու էլ ձերբակալեն: Իրականում ԵԽԽՎ կարծիքը Հայաստանում վաղուց արդեն որեւէ մեկին չի հետաքրքրում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG