Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի մի շարք պատգամավորներ քննադատում են հայաստանյան ընտրությունները


Ստրասբուրգում այսօր բացված Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի ներկայացրեց Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Դրան հետեւած քննարկումներում վեհաժողովի մի շարք պատգամավորներ հանդես եկան հայաստանյան ընտրությունների քննադատությամբ:

Պրեսկոտի ներկայացրած զեկույցում նշվում է, որ «ընտրությունները հիմնականում անցել են Եվրախորհրդի չափորոշիչներին համապատասխան, իշխանությունները բարելավել են օրենսդրական մեխանիզմները, սակայն բավարար քաղաքական կամքի բացակայության հետեւանքով դրանք չեն իրագործվել»:

Շվեդ պատգամավոր Մարիետա դե Պուրբե-Lյունդենը, ով նաեւ Եվրախորհրդի դիտորդական առաքելության անդամ է եղել, պատմեց այն ընտրախախտումների մասին, որոնց ականատես է եղել. - «Հատկապես ձայների հաշվարկի ժամանակ այնտեղ, որտեղ ես էի ներկա, իրավիճակը ահավոր էր: Ամենասարսափելին այն էր, որ ընտրատեղամասի ղեկավարը տեղյակ էր, որ, օրինակ, Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված ձայները դրվում են այն ժամանակ դեռ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք փորձում էին թաքցնել այն, ինչ անում էին… բայց, այնուամենայնիվ, ես տեսնում էի, թե ինչ է կատարվում»:

Շվեդ պատգամավորի խոսքով, այդ օրը ինքը վերադարձել է հյուրանոց, եւ անգամ չի կարողացել քնել, իսկ արդեն հաջորդ առավոտյան ասուլիսում հնչել է, թե ընտրություններն անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան:

«Արդյո՞ք այս կերպ մենք օգնում ենք Հայաստանի ժողովրդին», - հարց հնչեցրեց նա ու ինքն էլ պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ ոչ»:

Ժողովրդական կուսակցության անդամ, հունգարացի պատգամավոր Նեմեթ Զոլտը իր ելույթում նշեց, որ ցանկանում է վիճարկել այն պնդումը, թե Հայաստանում նախագահական ընտրությունները համարվել են «հիմնականում միջազգային չափանիշներին համապատասխան»:

Զոլտը մի շարք հարցադրումներ ուղղեց Ջոն Պրեսկոտին. - «Ձեզ հայտնի՞ է, որ այդ ազատ ընտրությունների արդյունքում 9 զոհ կա, ձեզ հայտնի՞ է, որ ավելի քան 100 քաղբանտարկյալներ կան, որ արտակարգ դրությունից հետո ընդունվել են օրենքներ, որոնք սահմանափակում են ազատությունները, եւ դա արվել է առանց Եվրախորհրդի հետ խորհրդակցելու: Ձեզ հայտնի է, որ այդ ընտրություններից հետո ընդդիմությունը լեգիտիմ չի համարում ընտրված նախագահին եւ պահանջում է արտահերթ ընտրություններ»:

Հունգարացի պատգամավորը ասաց, որ, անշուշտ, կասկածի տակ չի առնում Պրեսկոտի բարեխղճությունը, այդուհանդերձ, առաջարկում է քաղաքական որոշում:

Այդ նպատակով Ժողովրդական կուսակցությունը Հայաստանի իշխանություններին առաջարկում է անկախ հետաքննություն իրականացնել մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ: Եվ այդ հետաքննությանը պետք է մասնակից լինեն նաեւ ընդդիմադիրները:

«Եթե հայաստանյան իշխանությունները այդպիսի հետաքննություն անցկացնելու պատրաստակամություն չհայտնեն, ապա Եվրոպայի խորհուրդը եւ Խորհրդարանական վեհաժողովը պետք է անցկացնեն այդ հետաքննությունը», - ասաց Զոլտը` հավելելով, որ իրենց կուսակցությունը առաջարկում է վերանայել ընտրությունների դիտարկման գործող մեխանիզմը. - «Այս մեխանիզմը շատ վտանգավոր է: Մենք ժամանում ենք տվյալ երկիր, այնտեղ մնում ենք մի քանի օր, եւ նմանատիպ դիտարկման արդյունքում Եվրոպայի խորհուրդը լեգիտիմացնում է հակաժողովրդավարական ընտրությունների անցկացումը»:

Հայոց համազգային շարժման վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, ով այս օրերին գտնվում է Ստրասբուրգում, երեկ հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսի հետ:

Հանդիպման գլխավոր նպատակը, իր ձեւակերպմամբ` «քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելն»: Իգիթյանը հստակեցրեց, որ քաղաքական բանտարկյալներ համարում է հետընտրական շրջանում կալանավորված եւ բերման ենթարկված բոլոր անձանց:

«Թերրի Դեւիսը անձամբ զբաղվելու է այդ մարդկանց ճակատագրով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Հովհաննես Իգիթյանը: - «Եվրախորհրդի գործադիր մարմինը շատ հնարավորություններ ունի այդ հարցով զբաղվելու: Այդ ուղղությամբ ես այլ հանդիպումներ ունեցել եմ եւ ունենալու եմ: Դա իմ այստեղ գտնվելու հիմնական նպատակն է: Ես գտնում եմ, որ ժամ ավելի այդ մարդկանց նստելը Հայաստանը գցում է տարիներ ետ»:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG