Մատչելիության հղումներ

Համագյուղացիները ստորագրահավաք են անցկացնում ի պաշտպանություն Սաղաթելյան եղբայրների


Շիրակի մարզի Ձորակապ գյուղում այսօր ստորագրահավաք է նախաձեռնվել ի պաշտպանություն հետընտրական շրջանում կալանավորված համագյուղացիների Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների:

Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նա կարող է դատապարտվել 5-10 տարվա ազատազրկման:

Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար, եւ նա կարող է դատապարտվել 2-5 տարվա ազատազրկման:

Ստորագրահավաքի նախաձեռնողը Մուշեղ Սաղաթելյանի որդին է` Սեւակ Սաղաթելյանը:

«Սա էլ պայքարի ձեւ է, մարդիկ ցանկանում են իրենց զորակցությունը հայտնել քաղբանտարկյալներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սեւակ Սաղաթելյանը: - «Պայքարը դեռ չի ավարտվել: Պայքարը շարունակվելու է մինչեւ արդարության վերջնական հաղթանակը»:

Օրվա ընթացքում հավաքվել է 200-ից ավելի ստորագրություն:

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզից փետրվարի 19-ից առ այսօր անազատության մեջ է գտնվում 9 անձ:

Մարտի 27-ին Մարալիկում ի պաշտպանություն 7 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ազատամարտիկ Հարություն Ուռուտյանի սկսված ստորագրահավաքին (արդար դատավարություն անցկացնելու եւ Ուռուտյանին ազատ արձակելու պահանջով) այսօրվա դրությամբ միացել է 2500-ից ավելի մարդ:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG