Մատչելիության հղումներ

logo-print

Կալանավորվածների կանայք բողոքի ցույց են անցկացնում Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի մոտ


Իրենց ամուսիններին քաղաքական բանտարկյալ համարող մի քանի տասնյակ կանայք այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի առջեւ` պահանջելով ազատ արձակել բոլոր կալանավորվածներին:

Ցուցարարները պարզել էին «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներ եւ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորվածներից ոմանց դիմանկարները:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջ` Մելիսա Բրաունի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բերած տվյալներով, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ են ստորագրել նամակի տակ, որն այսօր ուղարկում են Եվրախորհուրդ եւ որով ակնկալում են նաեւ մարտի 1-ի իրադարձությունների «անհապաղ եւ անկախ հետաքննություն, որը կբացահայտի սպանությունների բոլոր մեղավորներին», անհանգստություն են հայտնում ընդդիմության ղեկավարների եւ ներկայացուցիչների «համատարած ձերբակալությունների» առիթով: Նամակը ստորագրածները պահանջում են ազատ արձակել «քաղբանտարկյալներին», հակադեմոկրատական ճանաչել հանրահավաքների մասին օրենքում վերջին փոփոխությունները, հորդորել Հայաստանի իշխանություններին հարգել «ժողովրդավարության եւ խոսքի ազատության հանդեպ ստանձնած պարտավորությունները» եւ «վերացնել ազատ մամուլի սահմանափակումները»:

Նամակն ավարտվում է արձանագրումով, թե այսօր Ֆրանսիան, Գերմանիան եւ արեւմտյան այլ երկրներ «պարտավոր են ապացուցել, որ մարդու իրավունքները, խոսքի ազատության արժեքները չեն սահմանափակվում միայն Եվրամիության ներսում»:

Մելիսա Բրաունն ասաց, որ այս ակցիան ոչ թե բողոք է Եվրախորհրդի դեմ, այլ ուղղակի ցույց են տալիս, որ իրոք «Հայաստանում հիմա ժողովրդավարությունը լրիվ վտանգված է». - «Մենք կանգնում ենք մեր ամուսինների կողքին»:

Ապրիլի 17-ին, երբ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հարցը արտահերթ կքննարկվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, նույն ակցիայով տիկնայք կրկին կգան Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի մոտ, իսկ շաբաթվա մյուս օրերին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ֊-ի դեսպանատների մոտ:

Մելիսա Բրաունը ասաց, որ որեւէ ընդունելություն չեն ակնկալում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG