Մատչելիության հղումներ

Այսօր տեղի ունեցավ մարտի 1-ի դեպքերի ժամանակ վիրավորված եւ ապրիլի 11-ին վախճանված Սամվել Հարությունյանի հուղարկավորությունը


Այսօր Խոր Վիրապում տեղի ունեցավ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ վիրավորված եւ ապրիլի 11-ին վախճանված Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ Սամվել Հարությունյանի հուղարկավորությունը:

29-ամյա Սամվել Հարությունյանը վնասվածք էր ստացել գլխին հասցված ուժգին հարվածից: Նրա հայրը՝ Ռուբեն Հարությունյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ մինչեւ մարտի 20-ը իր որդին եղել է անգիտակից վիճակում, ինչից հետո նրան մի քանի անգամ վիրահատել են, սակայն Սամվելի կյանքը փրկել չի հաջողվել:

Այսպիսով՝ մարտի 1֊-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիական անձանց թիվը հասավ 8-ի: Զոհվել է նաեւ երկու ոստիկան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց առողջապահության նախարարության խոսնակ Ռուսլանա Գեւորգյանը, Երեւանի հիվանդանոցներում այժմ մնացել են երեք քաղաքացիական անձինք, ովքեր վիրավորվել են մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ: Նրանցից մեկը գտնվում է ծանր, մյուսը` կայուն վիճակում, երրորդը վաղը դուրս կգրվի հիվանդանոցից:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG