Մատչելիության հղումներ

ԵԽ ԽՎ-ի նստաշրջանում կքննարկվեն նաեւ Հայաստանին վերաբերող հարցեր


Այսօր Ստրասբուրգում մեկնարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) գարնանային նստաշրջանում քննարկվելու են նաեւ Հայաստանին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, նախատեսվում է ԵԽ ԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտի զեկույցը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Ավետ Ադոնցը, երկուշաբթի օրը Պրեսկոտը ներկայացնելու է Հայաստանի ընտրություններին վերաբերող հարցը. - «Այն երկրները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի տակ, այդ երկրների ընտրությունների հետ կապված խնդիրները միշտ զեկուցվում են եւ քննարկվում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստերին»: Իսկ հինգշաբթի օրը, եթե Վեհաժողովը որոշի քվեարկությամբ, օրակարգում կընդգրկվի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներին վերաբերող հարցը:

«Որեւէ զեկույցի նախագիծ առայժմ չկա, նախ այդ հարցը պետք է մտնի օրակարգ, իսկ դա քվեարկության արդյունք է», - ասաց Ավետ Ադոնցը` հավելելով. - «Կարծում եմ եւ վստահ եմ, որ կմտնի, որովհետեւ այդ նախաձեռնությունը Վեհաժողովի հինգ քաղաքական խմբակցությունների անունից է, եւ այս պարագայում որեւէ կասկած չկա, որ այս հարցը կմտնի»:

«Իսկ դրակա՞ն կլինի` իհարկե, ոչ. Հայաստանում մարտի 1-ին որեւէ լավ բան չի եղել, մարտի 1-ին մենք չենք ունեցել ինչ-որ մի դրական կամ լավ բան, եւ ես որեւէ լավ զեկույց կամ լավ բանաձեւ չեմ ակնկալում», - ընդգծեց եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը` հավելելով, միաժամանակ, որ հարցը նախ այսօր քննարկվելու է ԵԽ ԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում, որի հայտարարությունը արդեն հիմք կհանդիսանա բանաձեւի նախագծի համար:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչը վստահ է, որ հիմնականում կքննարկվեն մարտի 1-2-ի իրադարձությունները, ինչպես նաեւ արտակարգ դրության, բանտարկությունների հետ կապված խնդիրները. - «Այսինքն` մարտի 1-ից մինչեւ մարտի 20-ը եղած ժամանակաշրջանում բոլոր գործողությունները կամ տեղի ունեցածը»:

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG