Մատչելիության հղումներ

logo-print

Արշավիր Բոզինյանը դադարեցրել է հացադուլը


Կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով Հրազդանի Վանատուր թաղամասում 19 օր հացադուլի մեջ գտնվող նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը այսօր որոշել է դադարեցնել հացադուլը:

«Ես ժամանակավոր եմ դադարեցրել իմ գերագույն հրամանատարի եւ իմ անմիջական հրամանատարի արձագանքելուց հետո», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Բոզինյանը` հավելելով, որ գերագույն հրամանատարի (Lեւոն Տեր-Պետրոսյանի)` հինգշաբթի օրվա կոչից հետո չդադարեցրեց հացադուլը, սակայն այն բանից հետո, երբ իրեն զանգահարել եւ խնդրել է իր անմիջական հրամանատար Սասուն Միքայելյանը, որոշել է կարճ ժամանակով դադարեցնել հացադուլը:

Հինգշաբթի օրը Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հետընտրական զարգացումների առնչությամբ բոլոր կալանավորվածներին դադարեցնել հացադուլը, եւ հացադուլավորներից շատերը անսացել էին նրա կոչին:

Ըստ Արշավիր Բոզինյանի, իր առողջականը բավարար է: Ուղղակի հյուծված է եւ տանը ապաքինվելուց հետո պատրաստվում է շարունակել հացադուլը:

«Եթե արձագանքներ չլինեն… ես բոլոր զոհված ազատամարտիկների կանանց, քույրերի հետ խոսել եմ: Հիմա ես կպատրաստվեմ եւ մի տասը օրից իրենց հետ կշարունակեմ հացադուլը», - ասաց նա:

Արշավիր Բոզինյանին ապրիլի 7-ին միացել էին 9 նախկին ազատամարտիկներ Աշտարակից, Եղվարդից եւ Հրազդանից: Նրանք հայտարարում էին, որ եթե առաջիկա օրերի ընթացքում ազատ չարձակվեն բոլոր քաղբանտարկյալները` Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, իրենց են միանալու նաեւ զոհված ազատամարտիկների կանայք: Նրանցից մի քանիսը շաբաթասկզբին արդեն եկել էին հացադուլի նստելու, սակայն Արշավիր Բոզինյանը թույլ չէր տվել:

Բոզինյանի հացադուլին միացած նախկին ազատամարտիկներին նույն գիշերը բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժիններ, հետո (բացառությամբ մեկի) ազատ էին արձակել` սպառնալով, ինչպես այսօր ասաց Բոզինյանը, որ եթե կրկին իրենց տեսնեն հացադուլավորի մոտ, այս անգամ արդեն մեկուսարան կտանեն:

Այսպիսով, Լեւոն Տեր-Պետրոսյանի` հինգշաբթի օրը հնչեցրած կոչից հետո քրեակատարողական հիմնարկներում հացադուլը դադարեցրած 22 կալանավորների օրինակին հետեւեց նաեւ Արշալույս Բոզինյանը:

Որոշակի տեղեկություն չկա միայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող 23-րդ հացադուլավորի` Պետրոս Մակեյանը վերաբերյալ:

Պետրոս Մակեյանի հետ հինգշաբթի օրը (ժամը 14-ին) հանդիպած շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանի խոսքով, Մակեյանն իրեն ասել էր, թե կդադարեցնի հացադուլը, եթե նման կոչով հանդես գա Lեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինիս կոչը հրապարակվել է ժամը 19-ին: «Ենթարդվում է, որ նա արդեն պետք է դուրս եկած լինի հացադուլից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Էլբակյանը` հավելելով, որ ստույգ տեղեկություններ կփոխանցի երկուշաբթի օրը Մակեյանին այցելելուց հետո:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG