Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի վստահված անձինք դատապարտվեցին ազատազրկման


Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ 3 տարի ազատազրկման դատապարտեց Հայաստանի առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում Lեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց` Սամվել Կարապետյանին եւ Սիմոն Ամիրխանյանին: Հռիփսիմե Հաթյանը, ով Կարապետյանի ու Ամիրխանյանի դրդմամբ ընտրակեղծիքներ էր կատարել, դատապարտվեց պայմանական ազատազրկման:

Դատարանն ապացուցված համարեց, որ Գավառ քաղաքի թիվ 22/21 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հաթյանը փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը օրենքով սահմանված կարգով կազմելուց, հաստատելուց եւ քվեաթերթիկների կնքված պարկը ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխելուց հետո նախագահի թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց` Սամվել Կարապետյանի եւ Սիմոն Ամիրխանյանի դրդմամբ միանձնյա կազմել է քվեարկության արդյունքների վերաբերյալ աղավաղված տվյալներով նոր արձանագրություն, որի տակ ստորագրել է հանձնաժողովի անդամների փոխարեն, կնքել փաստաթուղթը հանձնաժողովի կնիքով եւ կեղծ արձանագրությունը հանձնել թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Այդպիսով, դատարանը մեղավոր ճանաչեց Հռիփսիմե Հաթյանին («Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ), Սամվել Կարապետյանին (Հայաստանի ժողովրդական կուսակցության Գավառի կառույցի ղեկավար) եւ Սիմոն Ամիրխանյանին:

Հռիփսիմե Հաթյանին նկատմամբ դատարանը նշանակեց պատիժ 3 տարի 6 ամիս ժամկետով, սակայն պայմանականորեն չկիրառեց այն` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Հաթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը վերացվեց եւ նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց, իսկ Սամվել Կարապետյանին եւ Սիմոն Ամիրխանյանին, որոնց նկատմամբ խափանման միջոցը մինչեւ այսօր մշտական բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունն էր, կալանքի տակ վերցվեցին դատարանի դահլիճում:

Կալանավորման պահին Սիմոն Ամիրխանյանը ասաց, որ հայտարարում է անժամկետ հացադուլ: Իսկ Սամվել Կարապետյանը «քաղաքականացված շոու» անվանեց դատավարությունը:

Սամվել Կարապետյանի եւ Սիմոն Ամիրխանյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատավճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դատավճիռը գնահատում եմ որպես քաղաքական որոշում` կայացված քաղաքական գործիչների նկատմամբ: Իսկ Հռիփսիմե Հաթյանինը գնահատում եմ որպես պարգեւ իր զրպարտչական ցուցմունքների դիմաց»:

Սեդա Սաֆարյանը հավելեց, թե բողոքարկելու է իր պաշտպանյալների դատավճիռը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG