Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի կոչից հետո կալանավորվածներից շատերը դադարեցրել են հացադուլը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը, իրենց քաղաքական բանտարկյալներ համարող գրեթե բոլոր կալանավորված անձինք այսօրվանից դադարեցրել են հացադուլը:

Բաբայանի խոսքով, հացադուլը դադարեցնողների թվում են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:

Հացադուլը, ըստ Արսեն Բաբայանի, շարունակում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով, այդուհանդերձ, դադարեցրել է ջրադուլը:

Գուրգեն Եղիազարյանի, Արարատ Զուրաբյանի եւ Պետրոս Մակեյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իր բոլոր պաշտպանյալները իրեն փոխանցել են, որ այսօրվանից իսկապես դադարեցնելու են հացադուլը, բայց` ժամանակավոր. եթե իրենց «պահանջները չվերանայվեն եւ դրական լուծում չլինի», ապա կվերսկսեն հացադուլը:

«Մեր տեղեկություններով, Արարատ Զուրաբյանը եւ Գուրգեն Եղիազարյանը արդեն իսկ դադարեցրել են [հացադուլը], Պետրոս Մակեյանն էլ պետք է որ արդեն դադարեցրած լիներ այսօր», - ասաց Էլբակյանը` հավելելով, որ իր պաշտպանյալները հացադուլը դադարեցրել են` անսալով Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա կոչին:

«Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար... Ապրիլի 9-ը ոչ թե վերջն է, այլ սկիզբն է պայքարի», - ասել էր Տեր-Պետրոսյանը:

Արդեն 18 օր տեւող հացադուլը Հրազդանի Վանատուր թաղամասում չի դադարեցրեց, սակայն, ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը, որի հիմնական պահանջը իր հրամանատար Սասուն Միքայելյանին ազատ արձակելն է:

«Շարունակում եմ եւ կշարունակեմ այնքան ժամանակ մինչեւ ես իմ նպատակին հասնեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Ես Lեւոն Տեր-Պետրոսյանին հարգում եմ որպես իմ առաջին նախագահ, որպես իմ առաջին գերագույն հրամանատար: Բայց թող ներող լինի իմ առաջին գերագույն հրամանատարը. ես ունեմ իմ հրամանատարը. մինչեւ լրատվամիջոցներով կամ այլ կերպ նրա հրամանը չլինի, չեմ դադարեցնի: Ես աշխարհով մեկ կոչ եմ արել, ես իմ կոչին հավատարիմ կմնամ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG