Մատչելիության հղումներ

logo-print

Օլիմպիական ջահը՝ մարդու իրավունքների պաշտպանության նոր խորհրդանիշ


Այս տարվա ամենակարեւոր մարզական իրադարձությունը Պեկինի ամառային օլիմպիադան է: Ամբողջ աշխարհն է պատրաստվում այդ խաղերին: Հունական հինավուրց Օլիմպիայում վառել են կրակը եւ խաղաղության, համերաշխության ու ազնիվ մրցայքարի խորհրդանիշը՝ ջահը մարզիկները փոխանցումավազքով տանում են երկրից երկիր:

Գրեթե ամեն երկրում տեղի են ունենում բախումներ: Լոնդոնում, Փարիզում ջահակիր մարզիկները վազել են թիկնապահների եւ ոստիկանների ուղեկցությամբ, բայց նույնիսկ դա չի օգնել. Չինաստանին քննադատող եւ Տիբեթի անկախությունը պահանջող կարգախոսներ վանկարկող մարդիկ փորձել են ճեղքել պատնեշն ու խլել կամ մարել Օլիմպիադայի խորհրդանիշը:

Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները մի հնարամիտ տարբերակ են կիրառել. ամենավերջին պահին փոխանցումավազքի համար ընտրվել է ուրիշ ճանապարհ` ջահը տարել են երկրորդական նեղլիկ փողոցներով: Դրա արդյունքում հաջողվել է խուսափել բախումներից, սակայն հազարավոր մարդիկ, նրանք, ովքեր պարզապես ուզում էին տեսնել օլիմպիական կրակը, այդ հնարավորությունից զրկվել են:

Շուտով կրակը կփոխադրեն Հնդկաստան եւ Ինդոնեզիա, այնտեղ էլ ոստիկանները անվտանգության ապահովման բացառիկ միջոցներ են ձեռնարկում:

Այս ամենը շատ տհաճ է չինացի պաշտոնյաների համար: Սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ասել է, որ չնայած բողոքներին, ՄՕԿ-ը մտադիր չէ դադարեցնել փոխանցումավազքը: «Այդպիսի սցենար հաստատ չունենք: Մենք Պեկինի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ քննարկում ենք փոխանցումավազքի խնդիրը, սակայն այն ընդհատելու կամ ջահն անմիջապես Պեկին փոխադրելու սցենար չկա», - ասել է ՄՕԿ-ի նախագահը, ապա հույս հայտնել, որ Տիբեթի խնդիրը կլուծվի խաղաղ, դեմոկրատական եղանակով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը արդեն ասել է, որ ինքը ներկա չի լինի խաղերի բացմանը: Գուցե բացումը բոյկոտի նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

ԱՄՆ-ում նախագահության դեմոկրատ թեկնածու դառնալու համար պայքարող Բարաք Օբաման նախագահ Ջորջ Բուշին հորդորել է չմեկնել Պեկին: «Նախ Չինաստանը պարտավոր է նպաստել Դարֆուրում ցեղասպանության դադարեցմանը եւ հարգել մարդու իրավունքները Տիբեթում», - ասել է Օբաման:

Ջորջ Բուշը, իր հերթին, ասել է, որ Չինաստանի համար շատ օգտակար կլինի երկխոսությունը Տիբեթի առաջնորդ Դալայ Լամայի հետ: «Եթե նրանք փորձեն շփում հաստատել Դալայ Լամայի հետ, անպայման կհամոզվեն, որ նա բարի, խաղաղասեր եւ բռնությունը մերժող մարդ է, մարդ, ով ոչ թե պահանջում է Տիբեթի անկախություն, այլ տիբեթցիների մշակութային ինքնության պահպանում», - ասել է Ջորջ Բուշը:

Ինքը Դալայ Լաման մի քանի առիթներով պնդել է, որ Չինաստանը վաստակել է Օլիմպիադա հուրընկալելու իրավունքը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները եւ մեծ թվով երկրներ պնդում են, որ Պեկինը բռնությունների եւ հալածանքների քաղաքականություն է իրագործում Տիբեթում: Պեկինն այդ մեղադրանքները հերքում է եւ հայտարարում, ուր Տիբեթում տարածում են ստացել անջատողական ու հակաչինական գաղափարներ:

Չինաստանի իրավապահները հայտարարել են, թե տակավին վերջերս բացահայտել են մի խումբ, որը մտադիր էր հենց Օլիմպիադայի օրերին առեւանգել օտարերկրացի մարզիկներին եւ լրագրողներին: Հանրային անվտանգության նախարարության փոխանցմամբ, ձերբակալվել է 35 կասկածյալ, որոնց թիկունքում Չինաստանում բնակվող թրքելեզու ույգուրների ստեղծած Արեւելյան Թուրկեստանի մահմեդական շարժումն է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG