Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Ծրագրերը լինելու են հավակնոտ, բարեփոխումները` հեղափոխական»


Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց, որ կազմավորվելիք նոր կառավարության ծրագրերը լինելու են հավակնոտ, բարեփոխումները` հեղափոխական, պաշտոնավարումը` երկար:

Վարչապետի համոզմամբ` երկրի առաջընթացի համար պետք է «համախմբված աշխատանք եւ լավ, նվիրյալների թիմ»:

Հարցին, թե պատրաստվում է անդամագրվել որեւէ կուսակցության, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Ոչ, չեմ պատրաստվում, որովհետեւ իմ առջեւ այդպիսի խնդիր դրված չի եղել երբեւիցե: Իմ առջեւ խնդիր է դրված որպեսզի այն բոլոր ծրագրերը, որոնք արժանացել են Ազգային ժողովի հավանությանը, որոնք ներկայացվել են Սերժ Սարգսյանի կողմից նախընտրական կամպանիայում, որոնք արժանացել են մեր ժողովրդի հավանությանը, այդ ծրագրերը պետք է ի կատար ածենք: Իսկ այդ ծրագրերը առաջ են քաշվել Հանրապետական կուսակցության կողմից… Չեմ կարծում, որ կուսակցական պատկանելությունը տվյալ պարագայում օգնելու է այդ ռեֆորմները իրականացնելուն»:

«Ավելին», - շարունակեց վարչապետը: - «Կարծում եմ, հակառակը` անկուսակցական լինելը հնարավորություն կտա բոլոր կուսակցությունների մասնագետներին համախմբել այս խնդիրների լուծման համար, եւ այդ մասնագետները կաշկանդված չեն լինի կուսակցական պատկանելությամբ»:

Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե անկուսակցական, տեխնոկրատ վարչապետերը սովորաբար երկար չեն գլխավորում կառավարությունները. - «Ծրագրերը բավականին բարդ եւ պրոֆեսիոնալիզմ պահանջող ծրագրեր են: Եթե նշենք հարկային վարչարարության բարելավումը, հավասար պայմանների ստեղծումը տնտեսություն վարող սուբյեկտների համար, կենսաթոշակային ռեֆորմը… սրանք այնպիսի ռեֆորմներ են, որոնք չի կարելի ընդհատել: Ես տրամադրված եմ աշխատելու Սերժ Սարգսյանի հետ ամբողջ ժամանակահատվածում եւ համոզված եմ, որ նրա կողմից ձեւավորվող կառավարությունը ի վիճակի կլինի այս խնդիրները լուծելու հինգ տարվա ընթացքում: Իմ տրամադրվածությունը այդպիսին է»:

Ուշացած բարեփոխումները շատ են` այդ թվում կենսաթոշակային բարեփոխումը, հիպոթեկային շուկայի բարեփոխումը եւ այլն: Եվ այդ ամենին որպես սպառնալիք գումարվում է ճնշումը` միջազգային ֆինանսական իրավիճակի, համաշխարհային գնաճի ձեւով:

«Իհարկե, այդ ճնշումները կան, մենք բոլորս գտնվում ենք այդ ազդեցության ներքո», - ասաց Տիգրան Սարգսյանը: - «Գները արագ տեմպերով Հայաստանի Հանրապետությունում բարձրանում են` առաջին հերթին հացի, սննդամթերքի գները, ինչը շատ ցավոտ գործընթաց է մեզ համար, եւ, բնականաբար, կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի մեղմել համաշխարհային ֆինանսական շուկաների բացասական ազդեցությունները»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG