Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել դադարեցնել հացադուլը


Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր կոչ է արել հետընտրական զարգացումների առնչությամբ բոլոր կալանավորվածներին դադարեցնել հացադուլը:

«Գիտակցելով հանդերձ քաղաքական պայքարի այդ ծայրահեղ միջոցի կարեւորությունը եւ խորապես գնահատելով հացադուլավորների սխրանքը, ես այնուամենայնիվ կոչ եմ անում այս պահից դադարեցնել հացադուլը», - ասված է Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչում, որն այսօր «Ազատություն» ռադիոկայանին է փոխանցել նրա խոսնակ Արման Մուսինյանը:

«Ձեր առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը անհրաժեշտ են համաժողովրդական պայքարի հետագա հանգրվաններում ավելի արդյունավետ ներդրվելու համար», - կարծիք է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Ապրիլի 9-ը ոչ թե վերջն է, այլ սկիզբն է պայքարի», - եզրափակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի փոխանցած տվյալներով` քրեակատարողական հիմնարկներում ներկայումս հացադուլի մեջ է 23 մարդ:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG