Մատչելիության հղումներ

Լեխ Կաչինսկի. «Քաղաքական խառնաշփոթը վտանգում է Եվրամիությանը անդամակցելու Թուրքիայի ջանքերը»


Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին երեկ Վարշավայում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական խառնաշփոթը վտանգում է Եվրամիությանն անդամակցելու այդ երկրի ջանքերը:

«Մնալով թուրքամետ` ես պարտավոր եմ հարց տալ. արդյո՞ք ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է զարգանում», - ասել է Կաչինսկին:

«Եվրամիությանն անդամակցելու մտադրություն ունեցող երկրներից յուրաքանչյուրը չափանիշներին համապատասխանելու հարցում պետք է առանձին դիտվի», - ասել է Լեհաստանի նախագահը եւ հավելել. - «Ուկրաինան եւ Վրաստանը կարող են ավելի քիչ բարդությունների հանդիպել Թուրքիայի համեմատությամբ»:

«Թուրքիայի խնդիրն առավել մշակութային է, Ուկրաինան եւ Վրաստանը նման խնդիր չունեն», - հայտարարել է Կաչինսկին:

«Ռոյթերզ» գործակալությունը նշում է, որ Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարի եռանդուն ջատագովներ են համարվել, սակայն լեհերի աջակցության աստիճանը կարող է նվազել: Դա հնարավոր է այն դեպքում, եթե Թուրքիայի անդամակցությունը չողջունող այնպիսի երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, Լեհաստանին միանա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը սատարելու խնդրում, քանի որ ուկրաինացիների անդամակցությունը լեհերի համար չափազանց շահավետ է:

«Ռոյթերզ»-ը հայտնում է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ապրիլի 23-ին մեկնում է Ուկրաինա, որտեղ բանակցությունների առանցքային հարցերից մեկը կլինի Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG