Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Ստուբ. «ԵԱՀԿ-ն պետք է կենտրոնանա «սառեցված» հակամարտությունների կարգավորման վրա»


ԵԱՀԿ-ն պետք է կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնցում կարող է իրական առաջընթաց ապահովել, այդ թվում` տարածաշրջանի «սառեցված» հակամարտությունների կարգավորման: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի նոր նախագահողը` Ֆինլանդիայի նորանշանակ արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը, կազմակերպության Մշտական խորհրդի այսօր Վիեննայում կայացած նիստում:

«Մենք պետք է լրջորեն փնտրենք այսպես կոչված «սառեցված» հակամարտությունների լուծումները: Իմ նպատակն է վերստին աշխուժացնել այդ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը», - հայտարարել է Ստուբը: - «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ֆիննական նախագահության ջանքերին բոլոր կողմերը կպատասխանեն կառուցողական ներգրավվածությամբ: Ես շարունակում եմ սատարել բանակցությունների գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին եւ դրա համանախագահներին»:

ԵԱՀԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ստուբը, ով Ֆինլանդիայի արտգործնախարար է նշանակվել ապրիլի 4-ին, նաեւ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում եւ Հարավային Օսիայում վերջին իրադարձությունների կապակցությամբ եւ բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ բռնություններից:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը ընդգծել է նաեւ, որ ֆիննական նախագահությունը իր աշխատանքները շարունակելու է տարվա սկզբին հրապարակված ծրագրի հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG