Մատչելիության հղումներ

Քրեակատարողական հիմնարկներում հացադուլի մեջ է 23 մարդ


Քրեակատարողական հիմնարկներում ներկայումս հացադուլի մեջ է 23 մարդ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Հացադուլ անցկացնողների թվում են Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը եւ այլոք:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը երեկ դադարեցրել է ապրիլի 1-ին սկսած հացադուլը:

Արսեն Բաբայանը վստահեցնում է, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլավորներից որեւէ մեկի առողջական վիճակը որեւէ կտրուկ փոփոխության չի ենթարկվել:

Բաբայանը հայտնեց նաեւ, որ ազատազրկման մեջ գտնվող` «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանից, նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանից եւ «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանից հացադուլ սկսելու մասին հայտարարություն չի ստացվել, հետեւաբար` նրանք հացադուլի մեջ չեն:

Իրենց քաղբանտարկյալներ համարող Սեֆիլյանը, Մալխասյանը եւ Բաբաջանյանը ապրիլի 9-ից հացադուլին միանալու մտադրության մասին հայտարարել էին երեքշաբթի օրը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG