Մատչելիության հղումներ

Հայկական արմատներ ունեցող Ջեքի Կանչելյան-Սփայերը Կալիֆորնիայի 12-րդ ընտրատարածքից ընտրվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` կոնգրեսական Թոմ Լանթոսի մահվանից հետո թափուր մնացած տեղի համար լրացուցիչ ընտրությունները հիշյալ ընտրատարածքում անցկացվել են ապրիլի 8-ին: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Սփայերը ստացել է ընտրողների մոտ 80 տոկոսի ձայները:

Ջեքի Սփայերը հայկական արմատներ ունեցող երկրորդ կոնգրեսականն է` նույնպես դեմոկրատ եւ նույնպես Կալիֆորնիան ներկայացնող Աննա Էշուից հետո: Նա ավելի քան երեք տասնամյակ ակտիվ քաղաքական եւ հասարակական գործունեությամբ է զբաղվում, եղել է Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի երկու պալատների անդամ, Սան Մաթեո շրջանի վերահսկիչ:

Սփայերը Կալիֆորնիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերություններ ունի եւ բազմաթիվ հայանպաստ նախաձեռնություններով է հանդես եկել նահանգային խորհրդարանում: Մասնավորապես, նա այն օրինագծի համահեղինակներից է, որը Հայոց ցեղասպանության զոհերի` Կալիֆորնիայում բնակվող ժառանգներին հնարավորություն ընձեռեց իրենց նախնիների ավանդների դիմաց փոխհատուցում պահանջել տարբեր բանկերից եւ ապահովագրական ընկերություններից:

Ջեքի Սփայերը խոստացել է ԱՄՆ-ի Կոնգրեսում ընտրվելու դեպքում պայքարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի եւ հայանպաստ այլ օրինագծերի ընդունման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG