Մատչելիության հղումներ

Նշվեց մարտի 1-ի զոհերի մահվան 40-րդ օրը


Հարյուրավոր մարդիկ երեկ` մարտի 1-ին զոհվածների քառասունքի օրը, ծաղիկներ դրեցին ու մոմեր վառեցին ողբերգական իրադարձությունների վայրում` Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ:

Արձանի շրջակայքում շատ էին նաեւ իրավապահների ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հորդորում էին մարդկանց չկուտակվել` կանխելու համար հնարավոր բողոքի հանրահավաքը:

Մարդկանց հոսքը դեպի Մյասնիկյանի արձանը սկսվել էր կեսօրից հետո. նրանք պարզապես ծաղիկներ էին դնում արձանի պատվանդանին ու մոմեր էին վառում:

Արձանի մոտ հավաքվողների, ինչպեսեւ ոստիկանների քանակը աստիճանաբար ավելանում էր:

Ժամը 14-ի սահմաններում մահակներով եւ վահաններով զինված ոստիկանները շրջապատեցին Մյասնիկյանի արձանը, իսկ հավաքվածները սկսեցին վանկարկել` «Ազատություն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Lեւոն նախագահ», այլ կարգախոսներ:

Արձանի պատվանդանին, որն ամբողջովին ծածկված էր ծաղիկներով, փակցվեցին մարտի 1-ին զոհվածների լուսանկարները:

Զոհվածների հիշատակը հարգելու էին եկել նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Ավելի ուշ Մյասնիկյանի արձանի պատվանդանին ծաղիկներ դրեց նաեւ Հայաստանի ժողովրդական կուսացկության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Մարտի 1-ին եւ 2-ին զոհվածների քառասունքը երեկ նշվեց նաեւ մարզերում:

Մասնավորապես, Ապարանում մի քանի տասնյակ մարդիկ ծաղիկներ դրեցին Զոհված ազատամարտիկների հուշարձանին: Հավաքվածները նաեւ պահանջում էին ազատ արձակել հետընտրական շրջանում բոլոր ձերբակալվածներին, այդ թվում ազատամարտիկ, Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին:

Գյումրիում ինքնաբուխ կերպով հավաքված մարդիկ ծաղիկներ դրեցին Երկրաշարժի զոհերի հուշարձանին եւ մոմեր վառեցին եկեղեցում:

Իսկ Մարալիկում մարդիկ Մշակույթի պալատի մոտից ծաղիկներով ու մոմերով շարժվեցին դեպի Արցախյան ազատամարտի զոհերի հուշակոթող, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:


Ռուզաննա Ստեփանյան, Աննա Սաղաբալյան եւ Սաթենիկ Վանցյան, Գյումրի

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG