Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Վստահությունը վերականգնելու համար դրամատիկ քայլեր են անհրաժեշտ»


Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունը, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:

«Մարտի 1-ին կատարվածը աննախադեպ է անկախ Հայաստանի կամ նույնիսկ ամբողջ Հարավային Կովկասի վերջին եւ, անշուշտ, տեւական փուլի ընթացքում», - ասաց Բրայզան: - «Ընտրություններից հետո, չնայած վերջին 18 կամ 17 տարիներին Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում շատ բուռն իրադարձություններ են եղել, նման բան երբեք չի պատահել, որ մարդիկ սպանվեն` առնվազն 8 մարդ է սպանվել»:

«Կոնկրետ քայլերը ներառում են բոլոր ազատությունների ամբողջական վերականգնում. մամուլի ազատություն, խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք», - ասաց Բրայզան: - «Չափազանց կարեւոր է, որ ազատ արձակվեն այն անձինք, որոնց գործողությունները ոչ թե քրեական, այլ քաղաքական տարրեր են պարունակում, միեւնույն ժամանակ, հետաքննություն անցկացվի եւ դատապարտվեն ընտրական կեղծիքներ կատարած ու բռնություն կիրառած անձինք, անկախ նրանից` իշխանական ճամբարից են, թե ընդդիմության: Այդ իսկ պատճառով, դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնումը այս երկրում առաջնահերթ խնդիր է»:

Հարցին` արդյո՞ք իր մասնակցությունը Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնադրման արարողությանը վկայում է, որ Միացյալ Նահանգները Սերժ Սարգսյանին համարում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, Մեթյու Բրայզան պատասխանեց, թե ինքն ընդամենը «ամերիկացի համեստ դիվանագետ է», ով պատասխանատու է այս տարածաշրջանի համար եւ ժամանել է հաստատելու հաղորդակցման արդյունավետ ուղիներ, այն հույսով, որ կշարունակվի տարբեր ոլորտներում, այդ թվում Ղարաբաղի եւ անվտանգության հարցերում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցությունը, եւ Հայաստանում վերստին ընթացք կտրվի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին:

«Ես Միացյալ Նահանգների նախագահը չեմ, ոչ էլ արտգործնախարարը, ես փոխպետքարտուղարի օգնականն եմ, ով մեծապես անտարբեր չէ այս տարածաշրջանի ու այս երկրի նկատմամբ եւ հարաբերություններ հաստատելու եւ դրանց օժանդակելու պարտականություններ ունի», - ասաց Բրայզան:

Նա կարեւորեց Հայաստանի բոլոր հիմնական ուժերի` ընտրված նախագահի, ապագա կառավարության, ընդդիմության ու նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքային հարաբերություններ ունենալը:

Մեթյու Բրայզան տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշից որեւէ գրավոր ուղերձ չի բերել. - «Ես գրավոր ուղերձ չեմ բերել, սակայն բերել եմ բանավոր ուղերձներ, որոնք փոխանցելու եմ որքան հնարավոր է շատ մարդու»:

Իսկ հարցին, թե ե՞րբ է Ջորջ Բուշը շնորհավորելու Սերժ Սարգսյանին, ամերիկացի դիվանագետը արձագանքեց. - «Ես չեմ կարող խոսել իմ նախագահի անունից: Կարծում եմ, կլինի Հայաստանում իրադարձությունների ընթացքի վերաբերյալ արձագանք Վաշինգտոնից ամենաբարձր մակարդակով: Եվ երբ Հայաստանի քաղաքացիները ցուցադրեն, որ իրենց գոհացնում է այն ուղին, որով շարժվում է պետությունը, իսկ իշխանությունները գործադրեն դրամատիկ քայլեր, կլինի նաեւ համապատասխան հայտարարություն նախագահ Բուշից կամ պետքարտուղար Ռայսից»:

Հարցին, թե կան արդյոք Հայաստանում քաղաքական բանտարկյալներ, Բրայզան պատասխանեց, թե տեղակ է, որ 115 քաղաքական ակտիվիստներ են ձերբակալվել, սակայն «Վաշինգտոնից հնարավոր չէ հետեւել նրանց ամենօրյա գործունեությանը»:

«Բայց մենք գիտենք, որ երբ ձերբակալում են քաղաքական ակտիվիստների եւ առաջնորդների, ցանկացած հասարակություն կեզրակացնի, թե նրանք, գուցեեւ, ձերբակալվել են իրենց ամենօրյա գործունեության համար, որը հենց բնութագրվում է իբրեւ քաղաքական», - հավելեց նա:

Հաստատելով, որ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի հետագա իրականացումը վտանգված է, Մեթյու Բրայզան միաժամանակ շեշտեց, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում «կամուրջները այրել». - «Բայց մենք ցանկանում ենք հստակ նշել մեր դիրքորոշումը, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի լրջությունը խորն է, եւ պետք է տեսնենք Հայաստանում ժողովրդավարությանը, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին վերադառնալու նշանները` ոչ այն պատճառով, որ մեր օգնությունը այնքան անհրաժեշտ է Հայաստանին, այլ որովհետեւ այդ աջակցությունը մեր գործընկերության, բարեկամության նշան է»:

Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնականը նաեւ խոստովանեց, թե Վաշինգտոնում ոչ այդքան դրական արձագանք ստացան Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, թե Հայաստանը ինքն էլ կարող է ռեսուրսներ ապահովել «Հազարամյակի մարտահրավեր»-ի 235 միլիոն դոլարանոց ծրագրի իրականացման համար. - «Հազարմյակի մարտահրավեր» ծրագիրը ԱՄՆ-ի եւ Հայաստանի բարեկամության խորհրդանիշն է. այդ բարեկամությունը հնարավոր չէ գնել այլ աղբյուրներից միջոցներ հայթայթելով»:

Մեթյու Բրայզան նաեւ հաստատեց, որ փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ Միացյալ Նահանգների գնահատականը ներկայումս որոշակիորեն ավելի կոշտ է. - «Նախնական զեկույցում մենք մտահոգություն էինք հայտնում նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի կիրառման եւ ոչ ազատ մթնոլորտի կապակցությամբ: Սակայն հենց մեր դեսպանության աշխատակիցները ավելի ուշ ականատես դարձան վերահաշվարկների ժամանակ կասկածելի մարդկանց կողմից միջամտության եւ ահաբեկման դեպքերի»:


Ռուբեն Մելոյան եւ Էմիլ Դանիելյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG