Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի նախագահի պարտականությունները


Այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստում փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Ժամը 13-ին նախագահական նստավայրից դուրս բերվեցին Հայաստանի Հանրապետության դրոշը, Սահմանադրության մայր օրինակը եւ 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը եւ հանդիսավորությամբ տեղափոխվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ ժամը 14-ին Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը բացեց Ազգային ժողովի հատուկ նիստը:

Ձեռքը դնելով ՀՀ Սահմանադրության մայր օրինակի եւ Վեհամոր Ավետարանի վրա, Սերժ Սարգսյանը արտասանեց Սահմանադրությամբ ամրագրված երդման տեքստը:

Այնուհետեւ շնորհավորական խոսք ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Դրան հետեւած իր ելույթում նախագահ Սարգսյանը, նշելով, որ «չնայած նախընտրական արշավը սուր էր եւ զերծ չէր անգամ վիրավորանքներից», շնորհակալություն հայտնեց իր ընդդիմախոսներից` պայքարի համար: Նա առանձնակի շնորհակալություն ուղղեց նրանց, ովքեր «արժանապատվորեն ընդունեցին իրենց պարտությունը», «սեղմեցին համագործակցության համար պարզված ձեռքը»:

«Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց. դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք: Չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ… Եթե անգամ մեր մեջ չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում` եկեք քանդենք այդ պատը», - իր ելույթում ասաց նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Երդման արարողությանը հետեւեց զինվորական շքերթը Ազատության հրապարակում:

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է նախագահի նստավայր:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին դիմավորել են Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելլա Քոչարյանը:

Տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը, որից հետո Սերժ եւ Ռիտա Սարգսյանները հրաժեշտ են տվել Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններին:

Սերժ Սարգսյանը այսօր այցելել է նաեւ զոհված ազատամարտիկների Եռաբլուր պանթեոն:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG