Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն»-ը ամփոփում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակը. - «Կայունությունը, թերեւս, կարելի է անվանել այն կարեւոր ձեռքբերումներից մեկը, որոնք արձանագրվեցին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Անշուշտ, այդ 10-ամյա ժամանակաշրջանում եղան երկու լուրջ հարվածներ՝ ուղղված երկրի ներքին կայունության եւ զարգացման դեմ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը եւ 2008-ի մարտի 1-ը, ցնցումներ, որոնք իսկապես ի զորու էին կոտրել երկրի մեջքը եւ ջուրը լցնել ձեռք բերած ամեն ինչը՝ պետության վարկանիշից մինչեւ տնտեսություն: Բարեբախտաբար, դրանք որոշակիորեն վնասեցին, բայց չկոտրեցին Հայաստանի մեջքը, եւ դրանում չափազանց մեծ է երկրի երկրորդ նախագահի դերը, որը կարողացավ սթափ եւ սառնասրտորեն գնահատելով իրավիճակը՝ համարժեք քայլեր ձեռնարկել»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը փաստում է. - «Երրորդ նախագահն իր պաշտոնը ստանձնում է չափազանց բարդ՝ իր համար ոչ նպաստավոր պայմաններում: Մարտի 1-2-ին ցուցարարների դեմ բիրտ ուժ է կիրառվել, արյուն է թափվել, բանտերում են մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը քաղաքական գործիչներ են, եւ դժվար թե Հայաստանում գտնվեն քաղաքացիներ, որոնք հավատում են, որ այդ գործիչները քրեական հանցագործներ են: Իհարկե, այդ ամենի /ինչպես նաեւ շատ-շատ այլ բաների/ գլխավոր պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, բայց հասկանալի է նաեւ, որ իրավիճակի հանգուցալուծումներն այսօրվանից պետք է փնտրի արդեն երրորդ նախագահը: Ավելին՝ Քոչարյանի մասին ինչ որ ասվում է, պետք է ասվեր անցած 10 տարվա ընթացքում, եւ հիմա գնացած նախագահի հետեւից քարեր շպրտելը անձամբ ինձ տգեղ է թվում, նորից չսկսենք «նախորդ հանցավոր ռեժիմի» մասին հակապատմական շահարկումները: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը թեեւ զինակիցներ են, բայց սիամական երկվորյակներ չեն: Եթե երրորդ նախագահը նույնիսկ շատ ցանկանա, նա չի կարողանա շարունակել Քոչարյանի քաղաքականությունը»:

«Հայոց Աշխարհ»-ը վերլուծում է. - «Նորընտիր նախագահը լիակատար իրավունք ունի ակնկալելու, որ իր հասցեին գովեստներ կամ «թթու խոսքեր» ասելու բուռն ցանկությամբ լցված ամեն ոք համբերություն կունենա սպասել գոնե 100 օր եւ դրանից հետո կներկայացնի սեփական եզրակացությունը՝ հիմնվելով այդ ընթացքում արված կամ չարված գործերի ու գործընթացների եւ ոչ թե «նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականների» վրա: Նույն ժամանակամիջոցում իշխանությունը չպետք է աշխատի՝ շարունակաբար հետ նայելով, այլ միայն ու միայն ապագայի մասին մտածելով, իսկ ընդդիմությունը ազատ է «հետազոտելու» նրա յուրաքանչյուր քայլը, որպեսզի վաղը տա իր գնահատականները: Մեր երկրի բոլոր արտաքին գործընկերները պետք է համոզվեն, որ Հայաստանը բուժում է իր վերքերը, կրկին դառնում է այն վստահելի գործընկերը, որի հետ կարելի է ոչ միայն շարունակել հին ծրագրերը, այլեւ առաջ քաշել համագործակցության նոր նախագծեր»:

Իսկ «Հայկական ժամանակ»-ը կարծիք է հայտնում. - «Այսօր այնպիսի մարդիկ են խոսում ճգնաժամի մասին, այնպիսի մտահոգություններ են արտահայտում, կարծես թե ճգնաժամը երկնքից է ընկել: Մենք ասում էինք՝ «Ա1+»-ի փակումը վատ հետեւանքներ է ունենալու, մեզ ասում էին «ռեւանշիստներ», մենք ասում էինք՝ քրեական ամենաթողությունը քայքայում է երկրի մթնոլորտը, մեզ ասում էին «մոսկաներ», մենք ասում էինք՝ մարդիկ օտարանում են հայրենիքից, մեզ ասում էին «իքիբիր», մենք ասում էինք՝ վտանգված է Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը, մեզ ասում էին «թուրքամետներ»: Դուք եք ստեղծել այս ճգնաժամը, պարոնայք պետականամետներ, եւ այդ ճգնաժամը կանգնելու է ձեր կոկորդին»:

Եվ վերջապես, «Ժամանակ Երեւան»-ը փորձում է կանխատեսել, թե ինչպիսին կլինի Տիգրան Սարգսյանը, եթե դառնա վարչապետ. - «Կենտրոնական բանկի նախագահը պաշտոնի բերումով տարիներ շարունակ տիրապետել է հանրապետության ֆինանսական դաշտին: Դա նշանակում է, որ Սարգսյանը գրեթե լիովին տեղյակ է երկրում առկա ֆինանսական հոսքերից, դրանց ծավալից, ուղղություններից: Իսկ նա, ով տիրապետում է փողերի հոսքին, նշանակում է՝ տիրապետում է նաեւ դրանց տերերի գործունեությանը: Սակայն հարց է առաջանում, թե ում է ծառայելու նա իր այդ իմացությամբ եւ նոր կարգավիճակով»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG