Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մարտի 1-ի դեպքերում կա նաեւ մեր մեղքը»


Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիյսկայա գազետա» թերթի այսօրվա համարում հրապարակված հարցազրույցում ընդունել է, որ մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում կա նաեւ իշխանությունների մեղքը:

«Նախընտրական փուլի ամբողջ ընթացքում ես եւ իմ գործընկերները, թեկնածուները խոսում էինք սադրանքների վտանգի մասին: Սակայն մեզ չհաջողվեց կանխել դրանք, եւ քանի որ այդպես է, ապա տվյալ դեպքում կա նաեւ մեր մեղքը», - ասել է Սարգսյանը` պատասխանելով թղթակցի հարցին, թե պատասխանատվություն զգո՞ւմ է արդյոք մարտի 1-ին տեղի ունեցածի համար:

«Եվ այսօր մենք պետք է մտածենք այն մասին, որպեսզի այդ ողբերգության հետեւանքները չքանան», - նշել է Հայաստանի նորընտիր նախագահը` հավելելով. - «Իմ կարծիքով, ամենաճիշտ ճանապարհը կլինի կոալիցիայի` նոր կառավարության աշխատանքը, երբ մեր սկզբունքային քայլերից հետո ժողովուրդը կհամոզվի, որ ճիշտ ընտրություն է արել»:

«Ինչպիսի՞ն եք տեսնում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը, հատկապես Կոսովոյում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո», - այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Մեր տարածաշրջանը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի հատման կետում, եւ հակասությունները անխուսափելի են: Անվտանգության եւ կայուն զարգացման լավագույն ռազմավարությունը ժողովրդավարական հասարակության կառուցումն է` հիմնված ազատականության սկզբունքների վրա, միջազգային պրակտիկային համապատասխան»:

Նշելով, որ «Ադրբեջանի դիվանագիտական կոչերը ՄԱԿ-ին եւ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում վերջին ընդհարումները մտահոգություններ են հարուցում», Հայաստանի նորընտիր նախագահը շեշտել է. - «Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում: Կա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափը, եւ այն փոխելու անհրաժեշտություն չկա: Գտնում եմ, որ կարգավորման հարցը պետք է հենվի ժողովրդի` միջազգային հանրության կողմից ճանաչված ինքնորոշման իրավունքի վրա, դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար: Բացի այդ, պետք է ապահովվի ԼՂՀ-ի ժողովրդի եւ սահմանների անվտանգությունը»:

Հայ - ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման հետագա ընթացքի վերաբերյալ Սերժ Սարգսյանը ասել է. - «Հայաստանի համար դժվարին տնտեսական մեկուսացման փուլում Ռուսաստանը բարեկամաբար սատար կանգնեց մեզ: Նույնպես ռուսաստանյան կողմից մեզ աջակցություն ցուցաբերվեց մարտյան դեպքերի ժամանակ: Մեր տնտեսական հարաբերությունները սերտորեն միահյուսված են քաղաքական հայացքների, մշակութային կապերի, փոխշահավետ համագործակցության հեռանկարների հետ»:

«Ռուսաստանյան կապիտալը այսօր ներգրավված է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում: Դա էներգետիկան է, ատոմային արդյունաբերությունը, բանկային ու արդյունաբերական սեկտորները, հեռահաղորդակցությունը», - ընդգծել է Հայաստանի նորընտիր նախագահը:

Հայտնելով, որ վերջերս Մոսկվա կատարած իր այցի ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվելիք նախագծեր եւ ծրագրեր, Սերժ Սարգսյանը ամփոփել է. - «Վստահ եմ, որ մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը կամրապնդվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG