Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում Սերժ Սարգսյանը կստանձնի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի պաշտոնը:

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Ի տարբերություն առաջին երկու նախագահների պաշտոնամուտի արարողությունների` այս մեկն ուղեկցվելու է Ազատության հրապարակում կայանալիք շքերթով: Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք կուղղի Հայաստանի զինված ուժերին եւ Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերին:

Նախատեսվում են նաեւ տոնական միջոցառումներ:

Ազգային ժողովի հատուկ նիստի բնականոն աշխատանքն ապահովելու համար այսօր ժամը 10:30-ից մինչեւ 16:00-ը ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը եւ հետիոտն անցումը Երեւանի կենտրոնական, հատկապես` Օպերայի շենքին հարող փողոցներում:

Ապրիլի 9-ին լրանում է նաեւ մարտի 1-ի զոհերի քառասունքը, եւ մի քանի հասարակական կազմակերպություններ պատրաստվում են հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին` մոմեր վառել եւ ծաղիկներ դնել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի շրջակայքում:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մտադրություններին, ապա Տեր-Պետրոսյանի գրասենյակի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց. - «Որեւէ ակցիա մենք չենք նախատեսում, որովհետեւ այդ օրը, կարծում ենք, որ հարգանքի եւ հիշատակի օր է: Ինչ վերաբերում է հարակից փողոցները փակելուն, նույնիսկ հետիոտն անցումները փակելուն` դա միմիայն նրանց վախի արտահայտությունն է»:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG