Մատչելիության հղումներ

logo-print
Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group - ICG) երեկ հրապարակած ծավալուն զեկույցում իր մոտեցումներն է հայտնում Հայաստանում ստեղծված կացության առթիվ` իրավիճակը բնութագրելով որպես «ներքաղաքական խորը ճգնաժամ»:

Դրա ծագման անմիջական պատճառները, ըստ խմբի փորձագետների, թերություններով անցած նախագահական ընտրություններն էին, դրանց հաջորդած ընդդիմության ցույցերի բռնի ճնշումը, Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ու ընդդիմադիրների լայնածավալ ձերբակալությունները:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել ճգնաժամը հաղթահարելու համար: Այս առումով Միջազգային ճգնաժամային խումբը հստակ քայլերի մի ողջ փաթեթ է առաջ քաշում: «Lեգիտիմության ճգնաժամից խուսափելու եւ քաղաքական կայունությունը վերականգնելու համար» զեկույցի հեղինակները Հայաստանի իշխանություններին առաջարկում են «վստահություն ներշնչող երկխոսության» մեջ մտնել ընդդիմության հետ: Խումբը նաեւ խորհուրդ է տալիս «ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք բանտարկվել են իրենց քաղաքական ակտիվության պատճառով, դադարեցնել ընդդիմադիրների ձերբակալություններն ու նրանց ուղղված սպառնալիքները` այդ թվում այն գործողությունները, որոնք ուղղված են փետրվարի 19-ի ընտրությունների ընթացքում [Սերժ Սարգսյանի] հիմնական մրցակցի, նախկին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»:

Մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ խմբի փորձագետների տեսակետը հետեւյալն է. - «Իշխանությունները պետք է նախաձեռնեն մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն` միջազգային մասնակցությամբ, ինչպես նաեւ պարտավորություն ստանձնեն` պատժել բոլոր այն ոստիկաններին, որոնք անօրինականորեն զենք են կիրառել քաղաքացիների նկատմամբ»:

Բացի այդ, Միջազգային ճգնաժամային խումբը իշխանություններին կոչ է անում վերացնել հանրահավաքների մասին օրենքում «արտակարգ դրության ռեժիմի գործողության օրերին կատարած փոփոխությունները», հետաքննել ընտրությունների օրը տեղամասերում արձանագրված բռնությունները, որոնց թիրախ էին դարձել ընդդիմադիր կուսակցությունների դիտորդները: Կառավարությանը կոչ է արվում վերացնել լրատվամիջոցների գործունեության վրա սահմանված բոլոր արգելքները:

Ինչ վերաբերում է հայաստանյան ընդդիմությանը, ապա այն, ըստ Միջազգային ճգնաժամային խմբի, եւս պետք է «առանց որեւէ նախապայմանի եւ առանց հապաղելու» երկխոսության մեջ մտնի կառավարության հետ:

Զեկույցի հեղինակները ընդդիմության առաջնորդներին խորհուրդ են տալիս Սահմանադրական դատարանի մարտի 8-ի վճիռը վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Խմբի փորձագետները ընդդիմությանը նաեւ կոչ են անում բացառել ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել անկարգությունների, մասնավորապես` «պետական հիմնարկների արգելափակմանն ու այդ հաստատությունների գործունեության համար սպառնալիքների ստեղծմանը»:

Երեկ հրապարակված այս զեկույցի մի քանի դրույթներ վերաբերում են հայաստանյան վերջին իրադարձությունների միջազգային արձագանքին: Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները բավական լուրջ քննադատության են ենթարկում արեւմտյան կառույցներին` դրանց արձագանքը անվանելով «ոչ համարժեք»:

Քաղաքական զարգացումների այս փուլում, ըստ խմբի անդամների, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պետք է խրախուսեն բոլոր առաջատար քաղաքական ուժերին, որպեսզի դրանք մտնեն ուղղակի բանակցությունների մեջ միմյանց հետ. - «Բացի այդ, Արեւմուտքը միանշանակորեն պետք է հասկացնի Սարգսյանի վարչակազմին, որ բնականոն հարաբերություններ չեն կարող հաստատվել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ուժերի հաշտեցմանն ուղղված լուրջ քայլեր չեն ձեռնարկվել եւ քանի դեռ չեն վերացվել ներկա անկայունության խորքային պատճառները»:

Ըստ խմբի փորձագետների` եթե Հայաստանի իշխանությունները այնուամենայնիվ չդիմեն վերը նշված քայլերին, ապա հարկ կլինի մտածել ավելի կտրուկ գործողությունների մասին:

Իրադարձությունների զարգացման նման անբարենպաստ սցենարի դեպքում Միջազգային ճգնաժամային խումբը Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը խորհուրդ է տալիս. «1. Դադարեցնել Հայաստանին հատկացվող օգնության տրամադրումը», «2. Եվրոպայի խորհուրդը պետք է քննարկի Հայաստանի անդամակցության սառեցման հարցը» եւ «3. Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է քննարկման առարկա դարձնեն դիվանագիտական էմբարգոյի հարցը` արգելք դնելով նախագահ Սարգսյանի եւ ուժային կառույցների ղեկավարների` Արեւմուտք կատարվող ցանկացած այցելության վրա»:

Այս վերջին քայլի անհրաժեշտությունը, ըստ խմբի փորձագետների, կարող է ծագել` եթե լինեն բռնության նոր դեպքեր:

Ինչ վերաբերում է զեկույցի նկարագրական մասին, ապա այն բավական մանրամասնորեն անդրադառնում է հատկապես մարտի 1-ի իրադարձություններին` արձանագրելով, որ «երկու կողմից էլ այդ օրը բռնարարքներ արձանագրվեցին, սակայն կասկած չկա, որ խաղաղ ցուցարարների հանդեպ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կառավարության իրականացրած գործողություններն էին, որ հետագայում հանգեցրին նման ողբերգական իրադարձությունների»:

Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցում նաեւ փորձ է արվում հասկանալ, թե որոնք էին առկա ճգնաժամի խորքային պատճառները: Ըստ խմբի մասնագետների, դրանք են` իշխանության կենտրոնացումը գործադիր մարիմինների, բանակի եւ անվտանգության ծառայությունների ձեռքում, դատարանների փաստացի անազատությունն ու Հայաստանում գործող հիմնական լրատվամիջոցներում առկա կառավարական գրաքննությունը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG