Մատչելիության հղումներ

Տեր-֊Պետրոսյանին սատարող կուսակցությունները մտահոգություն են հայտնել Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության կապակցությամբ


Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին սատարող մոտ 20 կուսակցություններ այսօր իրենց մտահոգությունն են հայտնել Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության կապակցությամբ:

Այսօր տարածած հայտարարության մեջ Լեւոն Տեր֊-Պետրոսյանին աջակցող ուժերը նշում են, որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-֊ում ներկայացված բանաձեւի ընդունումը «կանաչ լույս է վառել միջազգային տարբեր ատյաններում ադրբեջանանպաստ փաստաթղթերի ընդունման համար, ինչին ի զորու չի լինելու դիմագրավել հեղինակությունը կորցրած ՀՀ դիվանագիտությունը: Ադրբեջանն ստացավ այնքան հզոր հաղթաթուղթ, որ արդեն իրեն իրավունք է վերապահում խոսել բանակցություններից ու հանդիպումներից հրաժարվելու մասին։ Դրա վկայությունն էր Հայաստանի իշխանությունների հուսահատ փորձերը հանդիպում կազմակերպել Բուխարեստում ապրիլի 3-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: Չնայած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աջակցությանը` այն մերժվեց Ադրբեջանի կողմից»:

Հայտարարության հեղինակները համոզված են, որ «տասը տարվա քաղաքականությունը հանգեցրել է բանակցությունների ամբողջական ձախողմանը, բոլոր միջազգային կառույցներում Հայաստանի միջազգային վարկանիշի անկմանը, ինչը նոր լիցք է հաղորդել ադրբեջանական պահանջատիրության աննախադեպ աճին: Այս քաղաքականության շարունակումը եւ վարչախմբի ջղաձիգ հայտարարությունները հղի են ռազմական գործողությունների, անգամ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգով: Բանակցությունների ձախողման, հայկական դիրքերի թուլացման ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչախումբը, որը վերջին ընտրությունների արդյունքում չի ստացել Հայաստանի ժողովրդի կամքը խաղաղ գործընթացում ներկայացնելու մանդատ»։

«Լեռնային Ղարաբաղի փրկության գործում մենք ունենք մեկ միջոց ու ճանապարհ. Հայաստանը դարձնել բարձր լեգիտիմ իշխանությամբ օժտված ժողովրդավարական երկիր, որպես այդպիսին միջազգային ասպարեզում ձեռք բերել արժանի տեղ եւ հեղինակություն։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում կարեւոր գործոն եւ հասնել արժանապատիվ խաղաղության հաստատման»,֊ - եզրափակել են հայտարարության հեղինակները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG