Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group - ICG) այսօր հրապարակած ծավալուն զեկույցում իր մոտեցումներ է հայտնում Հայաստանում ստեղծված կացության առթիվ` իրավիճակը բնութագրելով որպես «ներքաղաքական խորը ճգնաժամ»:

Դրա ծագման անմիջական պատճառները, ըստ խմբի փորձագետների, թերություններով անցած նախագահական ընտրություններն էին, դրանց հաջորդած ընդդիմության ցույցերի բռնի ճնշումը, Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ու ընդդիմադիրների լայնածավալ ձերբակալությունները:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել ճգնաժամը հաղթահարելու համար: Այս առումով Միջազգային ճգնաժամային խումբը հստակ քայլերի մի ողջ փաթեթ է առաջ քաշում: «Lեգիտիմության ճգնաժամից խուսափելու եւ քաղաքական կայունությունը վերականգնելու համար» զեկույցի հեղինակները Հայաստանի իշխանություններին առաջարկում են «վստահություն ներշնչող երկխոսության» մեջ մտնել ընդդիմության հետ: Խումբը նաեւ խորհուրդ է տալիս «ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք բանտարկվել են իրենց քաղաքական ակտիվության պատճառով, դադարեցնել ընդդիմադիրների ձերբակալություններն ու նրանց ուղղված սպառնալքիները` այդ թվում այն գործողությունները, որոնք ուղղված են փետրվարի 19-ի ընտրությունների ընթացքում [Սերժ Սարգսյանի] հիմնական մրցակցի, նախկին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»:

Մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ խմբի փորձագետների տեսակետը հետեւյալն է. - «Իշխանությունները պետք է նախաձեռնեն մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն` միջազգային մասնակցությամբ, ինչպես նաեւ պարտավորություն ստանձնեն` պատժել բոլոր այն ոստիկաններին, որոնք անօրինականորեն զենք են կիրառել քաղաքացիների նկատմամբ»:

Բացի այդ, Միջազգային ճգնաժամային խումբը իշխանություններին կոչ է անում վերացնել հանրահավաքների մասին օրենքում «արտակարգ դրության ռեժիմի գործողության օրերին կատարած փոփոխությունները», հետաքննել ընտրությունների օրը տեղամասերում արձանագրված բռնությունները, որոնց թիրախ էին դարձել ընդդիմադիր կուսակցությունների դիտորդները: Կառավարությանը կոչ է արվում վերացնել լրատվամիջոցների գործունեության վրա սահմանված բոլոր արգելքները:

Ինչ վերաբերում է հայաստանյան ընդդիմությանը, ապա այն, ըստ Միջազգային ճգնաժամային խմբի, եւս պետք է «առանց որեւէ նախապայմանի եւ առանց հապաղելու» երկխոսության մեջ մտնի կառավարության հետ:

Զեկույցի հեղինակները ընդդիմության առաջնորդներին խորհուրդ են տալիս Սահմանադրական դատարանի մարտի 8-ի վճիռը վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Խմբի փորձագետները ընդդիմությանը նաեւ կոչ են անում բացառել ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել անկարգությունների, մասնավորապես` «պետական հիմնարկների արգելափակմանն ու այդ հաստատությունների գործունեության համար սպառնալիքների ստեղծմանը»:

Այսօր հրապարակված այս զեկույցի մի քանի դրույթներ վերաբերում են հայաստանյան վերջին իրադարձությունների միջազգային արձագանքին: Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները բավական լուրջ քննադատության են ենթարկում արեւմտյան կառույցներին` դրանց արձագանքը անվանելով «ոչ համարժեք»:

Քաղաքական զարգացումների այս փուլում, ըստ խմբի անդամների, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պետք է խրախուսեն բոլոր առաջատար քաղաքական ուժերին, որպեսզի դրանք մտնեն ուղղակի բանակցությունների մեջ միմյանց հետ. - «Բացի այդ, Արեւմուտքը միանշանակորեն պետք հասկացնի Սարգսյանի վարչակազմին, որ բնականոն հարաբերություններ չեն կարող հաստատվել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ուժերի հաշտեցմանն ուղղված լուրջ քայլեր չեն ձեռնարկվել եւ քանի դեռ չեն վերացվել ներկա անկայունության խորքային պատճառները»:

Ըստ խմբի փորձագետների` եթե Հայաստանի իշխանությունները այնուամենայնիվ չդիմեն վերը նշված քայլերին, ապա հարկ կլինի մտածել ավելի կտրուկ գործողությունների մասին:

Իրադարձությունների զարգացման նման անբարենպաստ սցենարի դեպքում Միջազգային ճգնաժամային խումբը Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը խորհուրդ է տալիս. «1. Դադարեցնել Հայաստանին հատկացվող օգնության տրամադրումը», «2. Եվրոպայի խորհուրդը պետք է քննարկի Հայաստանի անդամակցության սառեցման հարցը» եւ «3. Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է քննարկման առարկա դարձնեն դիվանագիտական էմբարգոյի հարցը` արգելք դնելով նախագահ Սարգսյանի եւ ուժային կառույցների ղեկավարների` Արեւմուտք կատարվող ցանկացած այցելության վրա»:

Այս վերջին քայլի անհրաժեշտությունը, ըստ խմբի փորձագետների, կարող է ծագել` եթե լինեն բռնության նոր դեպքեր:

Ինչ վերաբերում է զեկույցի նկարագրական մասին, ապա այն բավական մանրամասնորեն անդրադառնում է հատկապես մարտի 1-ի իրադարձություններին` արձանագրելով, որ «երկու կողմից էլ այդ օրը բռնարարքներ արձանագրվեցին, սակայն կասկած չկա, որ խաղաղ ցուցարարների հանդեպ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կառավարության իրականացրած գործողություններն էին, որ հետագայում հանգեցրին նման ողբերգական իրադարձությունների»:

Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցում նաեւ փորձ է արվում հասկանալ, թե որոնք էին առկա ճգնաժամի խորքային պատճառնեը: Ըստ խմբի մասնագետների, դրանք են` իշխանության կենտրոնացումը գործադիր մարիմինների, բանակի եւ անվտանգության ծառայությունների ձեռքում, դատարանների փաստացի անազատությունն ու Հայաստանում գործող հիմնական լրատվամիջոցներում առկա կառավարական գրաքննությունը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG