Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Տարեգիր»-ն իր խմբագրականում վերլուծում է. - «Հայաստանում փաստորեն ստեղծվել է անբնական, անհամաչափ իրավիճակ, երբ հասարակության գերակշիռ, իշխող մեծամասնությունը շատ ավելի առաջադեմ է, ավելի բարոյական, ժամանակակից աշխարհին շատ ավելի համաքայլ, քան թանկարժեք կոստյումների մեջ իրենց գավառական մանրախնդրությունները եւ հետադիմական ընկալումները կոճկած իշխանավորները: Ուրեմն ի՞նչ է լինելու ապրիլի 9-ին. ի՞նչ է անելու ժողովուրդը: Ժողովուրդը երկու բան ունի անելու: Կամ բացարձակապես արհամարհել իշխանությանն ու համբերատար սպասել, որ այն վերջնականապես սպառի իր բոլոր ռեսուրսները եւ գործի գցի ինքնաոչնչացման մեխանիզմը, կամ շարունակի իր հրապարակային բողոքն արտահայտել բռնությունների դեմ եւ պայքարել իր ազատության եւ իրավունքների համար»:

«Ռոբերտ Քոչարյանի դարաշրջանը» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը ամփոփում է նախագահի 10-ամյա պաշտոնավարությունը. - «Ռոբերտ Քոչարյանը այն գործիչը չէր, որ գալով Հայաստան, պետք է բավարարվեր ընդամենը արդյունավետ աշխատող վարչապետ դառնալու եւ ապա նախագահ ընտրվելու հեռանկարով: Նա Հայաստանում դարձավ որոշակի քաղաքական ուղեգծի հունավորողն ու ղեկավարը, ուղեգիծ, որը հիմնված էր Ղարաբաղի հարցում արձանագրված ձեռքբերումները պահպանելու եւ միաժամանակ երկիրը առաջընթացի ռելսերի վրա դնելու երկմիասնական նպատակի վրա: Դժվարին ու բարդ գործ էր բաժին ընկել Ռոբերտ Քոչարյանին, որը 1998 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո էլ շուրջ երկու տարի ստիպված էր աշխատել ֆորս-մաժորային իրավիճակներում: Քաղաքական պայքարի մի հանգրվանին հաջորդում էր մյուսը: Թվում է, թե վերջապես 1999 թվականից՝ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը թեւակոխում է անցնցում զարգացման ժամանակաշրջան: Սակայն շուտով տեղի ունեցան հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները, որոնց հետեւանքները կրկին անորոշության մատնեցին երկիրը՝ ընդհուպ մինչեւ 2000 թվականի մայիս-հունիս ամիսները: Շուրջ երկու տարի տեւած քաղաքական բուռն ու անկանխատեսելի զարգացումների շրջանում դրսեւորվեցին իրավիճակին տիրապետելու եւ ամենաբարդ, գրեթե անհույս թվացող փակուղիներից ելք գտնելու Ռոբերտ Քոչարյանի ունակությունը, հմտությունն ու կամքը»:

Իսկ «Ազգ»-ը, անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ընդունած որոշումներին, գրում է. - «Միանշանակ է, որ նա պարտավոր էր պաշտպանել պետությունը քաղաքացիական պատերազմի սպառնալիքի վերածվող վտանգից, ինչը թերեւս նրա ամենամեծ եւ դեռեւս մեծամասնության կողմից չգիտակցված ծառայությունն էր Հայաստանին: Քանի դեռ հայտնի չէ, թե կկարողանա՞ նման վճռականություն դրսեւորել անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանը, քանի դեռ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից արկածախնդրությունների վտանգը շարունակում է սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, քանի դեռ հարեւան Ադրբեջանը նման առիթի է սպասում Հայաստանի հետ պատերազմը վերսկսելու համար, կարծում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի վճռականության կարիքը հատկապես երկրի անվտանգության եւ պաշտպանունակության հարցերում մնում է, առնվազն խորհրդատվական կարգով»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը «Ժամանակ Երեւան»-ում վերլուծում է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. - «Եթե Ադրբեջանը նստի բանակցային սեղանի շուրջ, ապա այն լինելու է ձեւական՝ ոչ մի պայմանավորվածություններ ձեռք բերել չի հաջողվելու: Կարծում եմ՝ Ադրբեջանը կանի ամեն բան, որ օգտագործի առաջիկա 2-3 խաղաղ տարիները՝ ավարտին հասցնելու Բաքվի եւ Անկարայի կողմից հովանավորվող Կարս - Ախալքալաք - Թբիլիսի - Բաքու երկաթգծի կառուցումը: Եթե այդ ժամանակահատվածը Հայաստանը չկարողանա օգտագործել դիվանագիտական ճեղքում մտցնելու համար /իսկ դրա հեռանկարները այսօր ավելի քան մշուշոտ են երեւում/, ծրագրի ավարտը մեզ համար հղի է ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի արդեն ոչ թե տեսական, այլ իրական վտանգով: Միակ հակազդելու հնարավորությունը, որն ունի Հայաստանը, մարդկային ռեսուրսի զարգացումն ու ներքին համախմբվածության ապահովումն է: Միջազգային ասպարեզում համարժեք դերակատարություն ստանձնելու միակ հնարավորությունը ես տեսնում եմ ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների իրական հարգման, խոսքի իրական ազատության, մեր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների անշեղ կատարման, եվրոպական կառույցներ շարունակական ինտեգրման, իսկ ամենակարեւորը՝ ներքին համերաշխության վերականգնման, ներքին կոնսոլիդացիայի պայմաններում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG