Մատչելիության հղումներ

Վարչապետի պաշտոնի համար Հանրապետականի խորհուրդը կքննարկի Տիգրան Սարգսյանի թեկնածությունը


Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր երեկոյան խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ կքննարկվի ապագա վարչապետի թեկնածության հարցը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, կա վարչապետի մեկ թեկնածու` Կենտրոնական բանկի ներկայիս նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Առաջարկվել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Այսօր խորհրդի նիստ լինելու է, եւ խորհրդի նիստում էլ կառաջարկվի: Կարծում եմ, որ համաձայնություն լինելու է», - ասաց Ռազմիկ Զոհրաբյանը` հավելելով. - «Մենք մեր կուսակցության նախագահի խոսքը չենք մերժելու»:

Սահմանադրության համաձայն, վարչապետին նշանակում է նախագահը` Ազգային ժողովի խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա: Ինչպես նշված է Սահմանադրությունում, վարչապետ է նշանակվում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ապագա վարչապետի հարցը Հանրապետական կուսակցության իրավասությունների շրջանակում է` ինչպես որոշի մեծամասնությունը:

«Չեմ կարծում, որ եթե անգամ ներկայացվի որեւէ թեկնածու, խնդիրը քննարկվելու է, որովհետեւ դա Հանրապետական կուսակցության լիազորությունների եւ հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում է», - ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: - «Կա կոալիցիա, մենք աշխատելու ենք այն վարչապետի հետ, որին կնշանակի հանրապետության նախագահը»:

Հարցին, թե որքանով է ընդունելի Տիգրան Սարգսյանի թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան»-ի համար, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. - «Ես կարող եմ ասել իմ մասնավոր կարծիքը: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետը պետք է լինի պատրիոտ, այսինքն` պետք է լինի մարդ, որի ընտանիքը ապրում է Հայաստանում, որի երեխաները հայկական դպրոց են գնում: Եվ երկրորդ` ինչ վերաբերում է տվյալ անձի պրոֆեսիոնալ, տնտեսագիտական հանճարի մասին շրջանառվող լուրերին, ես նման լուրերին, կներեք, վերաբերվում եմ խիստ մեծ վերապահումով»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG