Մատչելիության հղումներ

Ոստիկանները հերքում են, թե բերման են ենթարկել հացադուլավորներին


Հրազդանի քաղաքի Վանատուր թաղամասում Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի` 15-րդ օրը շարունակվող հացադուլին երեկ միացած 9 ազատամարտիկներին գիշերը, ականատեսների վկայությամբ, նստեցրել են մեքենաներ ու տարել տարբեր ուղղություններով: Ոստիկանները, սակայն, հերքում են դա:

Ականատեսները մինչդեռ, պնդում են, որ հացադուլավորներից ոմանց տարել են ոստիկանության Հրազդանի բաժին, մյուսներին` Աշտարակի եւ Նաիրիի բաժիններ:

Հացադուլը շարունակող Արշավիր Բոզինյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ գիշերը ոստիկանները իր մարտական ընկերներին մեքենաներով տարել են. - «40 մեքենայից, որ ամեն մեկից 4-5 հատ ոստիկան դուրս գա, հաշվեք ինչ քանակ է: Նրանց մի մասը համազգեստով էր, մյուսները` ոչ»:

Բոզինյանն ասաց, որ հացադուլավորներին տանելու ընթացքում ոստիկանները բռնություն չեն կիրառել: Նրա տեղեկություններով, ազատամարտիկներից երկուսին տարել Աշտարակ, երկուսին` Եղվարդ, մյուս հինգը Հրազդանում են:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի պետ Գագիկ Պետրոսյանը Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին հավաստիացրեց, թե իրենց բաժնում որեւէ հացադուլավոր չկա:

Հացադուլավորների ազգականների պնդմամբ, մինչդեռ, հենց այդ բաժնում են գտնվում Ջիվան Հովհաննիսյանը եւ Սպարտակ Թադեւոսյանը: Հովհաննիսյանի որդին` Էրիկ Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կարողացել է հեռախոսով կապվել հոր հետ, եւ վերջինս ասել է, որ ինքն ու Թադեւոսյանը գտնվում են Նաիրիի բաժնում:

Հայտնի չէ, թե ինչ հիմքով են Հովհաննիսյանն ու Թադեւոսյանը պահվում ոստիկանությունում: Բաժնի հերթապահը հրաժարվեց ընդունել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը այն մասին, որ այդ անձանց անօրինական կերպով են պահում եւ չեն հստակեցնում նրանց կարգավիճակը:

«Փաստացի տեղի է ունեցել հանցագործություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փոստանջյանը: - «Մարդկանց, ովքեր ցանկացել են հացադուլ անել, իրականացնել իրենց իրավունքները, գիշերը առեւանգել են եւ բերել են տարբեր ոստիկանությունների բաժանմունքներ: Բացի այդ, հարազատներին չեն հայտնել, թե ինչ հիմքով են նրանք պահվում այդտեղ: Նրանց արգելվել է ստանալ բուժօգնություն»:

«Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Վարդան Խաչատրյանը փորձում էր հանդիպել ոստիկանության Հրազդանի բաժնում պահվող հացադուլավորներին: Ոստիկանները, սակայն, ներսից կողպել էին բաժնի դուռը:

«Սա աղաղակող անարդարացիություն է եւ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:

Հրազդանում էլ ոստիկանները պնդում էին, թե հացադուլավորներից որեւէ մեկին բերման չեն ենթարկել: Ազատամարտիներից Նորայր Սարգսյանի մայրը` Արուսյակ Սարգսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ քիչ առաջ ոստիկանության բաժնում դեղ է փոխանցել իր որդուն:

Ավելի ուշ Հրազդանի ոստիկանության բաժնի դիմաց հավաքված ազատամարտիկների հարազատներին միացան մի խումբ վանատուրցիներ` պահանջելով կամ ազատ արձակել բոլոր բերման երթարկվածներին, կամ իրենց նույնպես ձերբակալել:

Այնուհետեւ, երբ բողոքավորներին շրջանում լուր տարածվեց, թե ոստիկանները հացադուլավորներին դուրս են բերում շենքի հակառակ կողմից, մարդիկ վազեցին դեպի ոստիկանության բաժնի շենքի հակառակ կողմը, որտեղ էլ բախում տեղի ունեցավ նրանց ու ոստիկանների միջեւ:

Ծեծկռտուքից հետո մարդիկ կրկին հավաքվեցին բաժնի դիմաց: Ոստիկանները բարձրախոսով հայտարարեցին, որ, եթե նրանք չհեռանան, ուժ կգործադրվի: Բողոքավորները, նոր բախումներից խուսափելու համար, հեռացան:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG