Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ Արման Բաբաջանյանը միանում են հացադուլին


Ազատազրկման մեջ գտնվող` «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը եւ նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանը, ինչպես նաեւ «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը վաղվանից անժամկետ հացադուլ են սկսելու: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Իրենց քաղբանտարկյալներ համարող Սեֆիլյանը, Մալխասյանը եւ Բաբաջանյանը այսօր հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. - «Անազատության մեջ կտրականապես մերժելով պայքարի ծայրահեղ միջոցը` հացադուլը, գիտակցում ենք, որ մարտմեկյան արյունահեղ սպանդից հետո Հայաստանում ազատությունների, ժողովրդավարության ու մարդկային իրավունքների սպառնալից սահմանափակումները, համաժողովրդական շարժման մասնակից հազարավոր մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումները, հարյուրից ավելի ղեկավար անդամների ձերբակալությունները, ինչպես նաեւ ազգի համար օրհասական` ղարաբաղյան կարգավորման վերջին ահագնացող զարգացումներին դիմակայելու համար պայքարի համամարդկային միջոցները գնալով դառնում են սահմանափակ եւ անկենսունակ, ուստի ազգի ու հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի` առանց խտրության` ազատության կամ անազատության մեջ, պայքարի արմատական միջոցների դիմելու ընտրության առջեւ է կանգնեցնում»:

Հայտարարության հեղինակները, կարեւորելով «ինչպես համաժողովրդական պայքարի բոլոր մասնակիցների, այնպես էլ բոլոր քաղբանտարկյալների անքակտելի միասնականությունն ու վճռականությունը», տեղեկացնում են. - «Հանուն այս միասնականության ապրիլի 9-ից մենք միանում ենք հացադուլավոր մեր քաղբանտարկյալ գաղափարակից ընկերներին եւ հայտարարում ենք անժամկետ հացադուլ»:

Անցած տարվա օգոստոսին Ժիրայր Սեֆիլյանը ապօրինի զենք պահելու մեղադրանքով դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման, Վարդան Մալխասյանը պետական իշխանությունը բռնությամբ զավթելու ուղղված կոչերի մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Արման Բաբաջանյանը 2006 թվականի օգոստոսին 4 տարվա ազատազրկման է դատապարտվել փաստաթղթեր կեղծելու միջոցով զինծառայությունից խուսափելու մեղադրանքով:

Այդուհանդերձ, ինչպես Սեֆիլյանը, Մալխասյանը եւ Բաբաջանյանը, այնպես էլ մի շարք իրավապաշտպաններ եւ քաղաքական գործիչներ համոզված են, որ նրանք հետապնդվում են քաղաքական պատճառներով:


Ռուզաննա Ստեփանյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը դատարանի դահլիճում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG