Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը կքվեարկի 301 հոդվածում առաջարկվող փոփոխությունները


Թուրքիայի խորհրդարանը քվեարկելու է երկրի Քրեական օրենսգրքի 301 հոդվածում առաջարկվող փոփոխությունները, որոնք օրենսդիր մարմնին են ներկայացվել երեկ երեկոյան:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, այսօր հեռուստատեսությամբ դիմելով կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ներկայացնող խորհրդարանականներին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ փոփոխությունները կընդունվեն եկող շաբաթ:

DPA գործակալության փոխանցմամբ` փոփոխություններից հիմնականը այն է, որ «թուրքական ինքնությունը վիրավորելու», ինչպես նաեւ պետությունը, զինվորականությանը եւ պաշտոնական այլ կառույցները վարկաբեկելու հատկանիշներով գործեր հարուցելու համար պահանջվելու է երկրի նախագահի թույլտվությունը: Ներկայումս նման գործերը հարուցվում են անհատ իրավաբանների գանգատների հիման վրա, իսկ մեղադրանքներ առաջադրելու հարցը վճռում են ցածր ատյանների դատարանները:

Տխրահռչակ 301 հոդվածը քննադատվում է իրավապաշտպանների, ինչպես նաեւ Եվրամիության կողմից, որին անդամակցության է հավակնում Թուրքիան: Անցած մի քանի տարիներին ազգայնական իրավաբաններն այդ հոդվածն օգտագործելով հետապնդել են հազարից ավելի լրագրողների եւ գրողների, այդ թվում գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին: 301 հոդվածով քանիցս դատապարտվել էր նաեւ Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, ով անցյալ տարի սպանվեց երիտասարդ ազգայնական Օգյուն Սամասթի կողմից:

Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում փոփոխել ինչպես 301 հոդվածը, այնպես էլ Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներ եւ մարդու իրավունքները սահմանափակող օրենքներ:

CNN-Turk հեռուստատեսության փոխանցմամբ` Թուրքիայի կառավարության այն վարչությունը, որը համակարգում է Եվրամիությանը երկրի անդամակցության ուղղությամբ ջանքերը, երկուշաբթի ավելի վաղ վարչապետին էր տրամադրել անհապաղ փոփոխությունների ենթակա օրենքների ցանկը:

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանի կարծիքով, լրամշակումն առաջարկելու փաստը ցույց է տալիս, որ պետությունը հետաքրքրություն ունի այդ խնդրի հանդեպ:

«Ինքնին դրական իրադարձություն է այն, որ նախքան դատական գործընթաց տեղափոխվելը, հարցը քննարկման ենթակա է դառնում ամենաբարձր մակարդակով», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր ասաց Արա Գոչունյանը:

Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարությունը վերջերս քննադատության է ենթարկվում Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների դանդաղ իրականացման առիթով: Այնուամենայնիվ, կառավարությունը սկսել է ավելի ակտիվ զբաղվել բարեփոխումներով հատկապես այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը իր վարույթ է ընդունել երկրի աշխարհիկ կարգերը խարխլելու մեղադրանքով իշխող կուսակցությունն արգելելու հայտը:

«Մենք չենք կարող որեւէ թուլություն դրսեւորել Եվրամիությանը ձգտելու հարցում», - հայտնել է Էրդողանը եւ, անդրադառնալով Սահմանադրական դատարանում կայանալիք լսումներին, ասել է. - «Մենք չենք կարող անտեսել այն, որ այդ դատավարությունը կարող է մեր երկրի համար ունենալ խիստ ծանր քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ»:

Վարչապետը, առանց մանրամասնելու, ասել է, որ 301 հոդվածի լրամշակմանը կհաջորդեն այլ քայլեր, որոնք կնպաստեն «Թուրքիայի դեմոկրատիան արագ առաջ տանելուն»:

«Այս գործընթացը ցույց կտա, որ մեր կառավարությունը վճռական է դեպի Եվրամիություն գնալու ճանապարհին», - ասել է Էրդողանը եւ հավելել. - «Մենք կունենանք այդ ճանապարհային քարտեզն ապագա քայլերի համար Ժոզե Մանուել Բարոզուի եւ 0լի Ռեհնի հետ վերլուծելու առիթ»:

«Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ այս ուրբաթ օրը Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն եւ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Ռեհնը ժամանում են Անկարա՝ Թուրքիայի ղեկավարների հետ բանակցելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG