Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը


Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է հղել այդ երկրի արտգործնախարարությանը` բողոքելով Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված համաժողովի կապակցությամբ:

Մարտի 28-ին Մոսկվայում անցկացված «Կոսովոյից հետո. չճանաչված պետությունների համագործակցությունը նրանց ճանաչման ճանապարհին» խորագրով համաժողովը, որին հրավիրված էին նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, կազմակերպել էր Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի գործերով եւ հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի գլխավորած ԱՊՀ-ի երկրների ինստիտուտը:

APA գործակալության փոխանցմամբ` ապրիլի 7-ի նոտայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի օրենսդիր մարմնի հանձնաժողովի փոխնախագահի «հակաօրինական» գործունեության վրա եւ անընդունելի է համարում այն:

Հայտարարելով, թե համաժողովին Ռուսաստանի արտգործնախարարության եւ Մոսկվայի կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը չի համապատասխանում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն, ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը պարզաբանումներ է խնդրում եւ կոչ անում թույլ չտալ նման դեպքերի կրկնությունը ապագայում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG