Մատչելիության հղումներ

Կալանավորվածների ազգականները ցույց են արել գլխավոր դատախազության դիմաց


Հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածների ազգականներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք բերել էին կալանավորվածների լուսանկարները եւ վանկարկում էին «Ազատություն» եւ «Ազատ, անկախ Հայաստան»:

«Մենք մեր օրը, մեր տոնը նվիրում ենք մեր ամուսիններին, եղբայրներին, որոնց ներկայացված մեղադրանքները քաղաքական են»,֊ եւ «Ազատություն» ռադիոկայանին ասաց կալանավորված Արշակ Բանուչյանի կինը՝ Քնարիկ Բանուչյանը:

Լեւոն Տեր֊եւՊետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը ասաց, որ իրենք շարունակելու են խաղաղ միջոցներով իրենց բողոքն արտահայտել թե դատախազության, թե ընդհանրապես կառավարության գործողությունների դեմ:

Ոստիկանները թույլ չտվեցին ցուցարարներին անցնել փողոցի երթեւեկելի մասը եւ մոտենալ դատախազության շենքին:

Բողոքի ցույցին ներկա «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է անում Լեւոն Տեր-֊Պետրոսյանը, հայտնեց. - «Առաջիկա օրերին նա իր ասելիքը կասի»:

Այն հարցադրմանը, թե արդյոք ընդդիմությունը կարո՞ղ է որեւէ բան նախաձեռնել առանց լիդերների, որոնք կալանավորված են, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Պայքարը տանում է հասարակությունը, լիդերները հասարակության պայքարն ուղղորդում են: Ես ունեմ մեկ պրոբլեմ՝ իմ ընկերներին ազատ արձակել: Երկրորդը՝ թույլ տան ժողովրդի հետ հանդիպելու: Հիմա դուք նայեք, թե իշխանություններն ինչ պրոբլեմներ ունեն: Արդյոք իրենք կարո՞ղ են այդ պրոբլեմներն առանց մեզ լուծել: Միանշանակ ոչ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG