Մատչելիության հղումներ

ԳԱԼԱ-ն պետությանը պարտք է մնում եւս 1,7 միլիոն դրամ


Հարկային պետական ծառայության կողմից սահմանված գումարը մեկշաբաթյա հեռուստամարաթոնից հետո մուծելուց հետո ԳԱԼԱ հեռուստաընկերությունը պետությանը պարտք է մնում եւս մոտ 1 միլիոն 700 հազար դրամ:

Հարկային օպերլիազորների կազմած ակտի համաձայն` ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետական բյուջե լրացուցիչ մուտքագրելու էր տարբեր հարկատեսակների գծով 25 միլիոն 665 հազար 100 դրամ, իսկ դատական ծախսերով այդ գումարը կազմեց մոտ 27 միլիոն դրամ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԳԱԼԱ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը, «վճարելուց մի երկու օր հետո եկավ թուղթ հարկայինից, որ այդ գումարի վրա, որը պետք է, ըստ իրենց, բռնագանձվեր դեռեւս 4-5 ամիս առաջ, եկել են տույժ ու տուգանքներ, եւ մենք պետք է վճարենք եւս մոտ 1 միլիոն 700 հազար դրամ, որի մի մասը եւս մենք վճարել ենք»:

«Սա, ինչքան ես հասկանում եմ, հաշվարկվել է օրական կարծեմ 0,15 տոկոս այն 26 միլիոնից, որ մենք պետք է մուծեինք», - ասաց Խաչատրյանը:

Նշելով, որ չգիտի, թե ինչ ժամկետում պետք է վճարվի այդ գումարը, ԳԱԼԱ-ի սեփականատերը հավելեց. - «Ես տեղեկացրել եմ, որ քանի Զիլֆիմյան Մարտինը [Գյումրիի] հարկային տեսչության պետ է աշխատում, ես չեմ պատրաստվում այս գումարը մուծել, հենց որ Զիլֆիմյան Մարտինին հանեցին, ես գումարը կմուծեմ, որպեսզի մեր հաշվին իր պլանը չկատարի եւ իրեն չպահեն այդ պաշտոնում: Իմ տեղեկություններով` նրան ուզում են հանել պլանը չկատարելու համար»:

«Իսկ մտավախություն չունե՞ք, որ տույժ ու տուգանքի վրա նորից կգան տույժ ու տուգանքներ», - այս հարցին Վահան Խաչատրյանը արձագանքեց. - «Ոչ, իրենք պետք է դիմեն դատարան, եւ դատարանը արդեն պետք է որոշի բռնագանձել այս գումարը եւս»:

«Պատրաստ ենք դատական ծախսերն էլ հոգալ, պատրաստ ենք տույժ ու տուգանքն էլ մուծել, բայց առայժմ այս գումարը չեմ ուզում մուծել ես», - հայտարարեց ԳԱԼԱ-ի սեփականատերը:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG