Մատչելիության հղումներ

Սուրեն Սուրենյանցը դադարեցրել է հացադուլը


«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը դադարեցրել է 10 օրից ավելի տեւած հացադուլը: Այդ մասին շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Մինչ այդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ «վատացել է Սուրեն Սուրենյանցի առողջական վիճակը, վատ է նաեւ, որ շաբաթ է, վաղը` կիրակի, եւ փաստաբանը, փաստորեն, չի կարողանա հանդիպել Սուրենյանցի հետ»:

«Մենք ուղղակի խնդրում ենք, որ այն մարմինները, որոնք պարտավոր են Սուրենյանցին օգնություն ցույց տալ, հետեւեն նրա առողջական վիճակին, որպեսզի անընդհատ ուշադրության տակ պահեն նրան», - ասել էր Խաչատրյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ Սուրենյանցը գտնվում է բժիշկների հսկողության տակ, եւ նրա առողջական վիճակը բավարար է:

Հրազդանի Վանատուր թաղամասում ի պաշտպանություն Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի հացադուլը շարունակում է ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ շաբաթ օրը հացադուլը դադարեցնելու խնդրանքով իրեն է դիմել Սասուն Միքայելյանի կինը` Անուշ Միքայելյանը, սակայն ինքը հրաժարվել է դադարեցնել հացադուլը:

«Կտեսնեմ` եթե վիճակս վատանում է, ինչ-որ բժշկական միջամտություն կանեմ, նորից ես իմ հացադուլը մինչեւ վերջ կշարունակեմ», - ասաց Բոզինյանը:

Նա հայտնեց, որ բժիշկները հետազոտել են իրեն, այլ բժշկական միջամտություն չի եղել:

«Ճնշումս է մի քիչ ընկած», - նշեց Բոզինյանը:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG