Մատչելիության հղումներ

«Չնայած 2007-ի առաջխաղացմանը, Հայաստանում մարդու իրավունքների հարցում անհրաժեշտ է հետագա բարելավում»


Եվրոպական համայնքների հանձնաժողովը ապրիլի 3-ին Բրյուսելում հրապարակել «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործումը 2007 թվականին» վերնագրված փաստաթուղթը` նշելով, որ այն «Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ընդհանուր գնահատական չէ»:

Փաստաթղթում ասվում է, որ 2006-ի նոյեմբերից մինչեւ 2007-ի դեկտեմբերի 31-ը «Գործողությունների ծրագրի» մի քանի ուղղություններով Հայաստանը առաջխաղացում է գրանցել, թեպետեւ 2007-ի մայիսյան խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ հայկական տարբեր նախարարությունների միջեւ ոչ համակարգված աշխատանքի հետեւանքով եղել են ձգձգումներ:

«Լավ առաջխաղացում է», մասնավորապես, դատական բարեփոխման, ընտրությունների անցկացման եւ օմբուդսմենի ինստնիտուտի ոլորտներում: Այստեղ administration of elections հասկացությունը վերաբերվում է ընտրությունների գործընթացի իրականացմանը:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների մասին ասվում է, որ դրանք, ինչպես նաեւ արատակարգ դրության հռչակումը մտահոգություն են առաջարցրել եւ այդ ամենը ընդգծում է, որ «չնայած 2007-ի ընթացքում ձեռք բերած առաջխաղացմանը մարդու իրավունքների պաշտպանության խնդրում անհրաժեշտ է հետագա բարելավում»:

«Եվրոպական հարեւանության քաղաքականության իրագործումը 2007 թվականին» փաստաթղթում նշվում է, որ միջազգային դիտորդների կարծիքով, փետրվարյան ընտրություններն ընդհանուր հաշվով համապատասխանել են Հայաստանի ստանձնած պարտավորություններին եւ դեմոկրատական ընտրությունների միջազգային ստանդարտներին, սակայն լուծում են պահանջում ընտրական գործընթացի հանդեպ հասարակության անվստահության, պետության եւ կուսակցության միջեւ հստակ սահմանազատման եւ թեկնածուների նկատմամբ ոչ հավասար վերաբերմունքի հարցերը:
Ընդդիմությունը պահանջել է չեղյալ նախագահական հայտարարել ընտրությունների արդյունիքները:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը 2007-ին հաջողություն է գրանցել մակրոտնտեսական մակարդակով, ինչի վկայությունն է տնտեսական աճի տպավորիչ ցուցնանիշը՝ 13,7 տոկոս:

Նշվում է նաեւ, որ 2006-ի համեմատությամբ անցած տարվա ընթացքում Եվրամիության եւ Հայաստանի փոխադարձ առեւտուրն աճել է 17,4 տոկոսով եւ կազմել է մոտ մեկ միլիարդ եվրո: Եվրոպական միությունը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, Եվրամիության հետ Հայաստանի արտաքին առեւտրի ծավալը հասնում է 40 տոկոսի:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ներկայումս Եվրամիությունը Հայաստանի Եվրոպական քաղաքականության եւ Իրավական խորհրդատվական կենտրոնի միջոցով աջակցում է Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ սոցիալական բարեփոխումներին եւ զարգացմանը:

Շատ հաջող է իրականացվում նաեւ Պարենի անվտանգության ծրագիրը, որի համար տասը տարվա ընթացքում տրամադրվում է 100 միլիոն եվրո:

2007-ին 21 միլիոն եվրո է հատկացվել Համայանքների աջակցության ծրագրին եւ, բացի այդ, 98,4 միլիոն եվրո է հատկացվել 2007-2010 թվականներին Եվրոպական հարեւանության քաղաքականության փաստաթղթով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG