Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկխոսության հասնելը ամենաաբսուրդ միտքն է»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կարծիք է հայտնել, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկխոսության հասնելը «ամենաաբսուրդ միտքն է»:

«Չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ խորհրդարանական ընտրություն կարող է բերել ներքաղաքական իրավիճակի մեղմացման, ճիշտ հակառակը», - ասել է նախագահը:

Խոսելով մարտի 1-ի դեպքերի մասին, Ռոբերտ Քոչարյանը նշել է. - «Արդեն ակնհայտ է, որ անկարգությունները կազմակերպված բնույթ էին կրում: Այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շահարկել քաղաքական բանտարկյալների թեման, խորը հիասթափություն են ապրելու դատական նիստերի ժամանակ, երբ ծանոթանան այն փաստացի նյութերի հետ, որոնք այսօր քննչական խումբը կուտակում է, որովհետեւ տեսնելու են, թե ում են պաշտպանել»:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ կարծիք է հայտնել. - «Ճիշտ կլինի, եթե մեր օրենսդրությունը համարի քրեորեն պատժելի արարք հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ սեպ խրելու կամ ատելություն սերմանելու գործունեությունը»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը հայտնել է. - «Հրամանագրի մեջ չկա, թե ինչու է ազատված, բայց նաեւ կա Մանվել Գրիգորյանի դիմումը»:

Անդրադառնալով Ղարաբաղի կարգավորման հարցին, նախագահն ասել է. - «Ադրբեջանական կողմի վերջին քայլերը ուղղակի պարտադրում են հայկական կողմին ավելի վճռական քայլերի դիմել, իսկ այդ քայլերը պետք է որոշեն հաջորդ նախագահը եւ հաջորդ կառավարությունը»:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG