Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Մարտի 1-ի իրադարձությունների պատճառը ընտրությունների ժամանակ իրականացված բռնություններն էին»


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի համար «ակնհայտ» է, որ մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերվա իրադարձությունների պատճառը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրականացված «բռնություններն ու կեղծիքներն» էին:

Lրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը Դեմիրճյանն ասաց նաեւ, որ այդ իրադարձությունները հետեւանք էին խաղաղ ցուցարարների դեմ «իշխանության կողմից ուժի չարդարացված կիրառման». - «Խաղաղ հանրահավաք էր տեղի ունենում, եւ մենք էլ կոչ էինք անում հանդարտության... Եվ այդտեղ էլ պետք չէր ուժ գործադրել: Դրանից հետո մարդիկ դիմեցին ինքնապաշտպանության: Ինչքան կարելի է ժողովրդի հետ խոսել ուժի լեզվով: Նույնը տեղի ունեցավ 2004 թվականի ապրիլի 12-ին»:

Անդրադառնալով իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության թեմային` ՀԺԿ-ի առաջնորդը, մասնավորապես, ասաց, որ առաջնային խնդիրը «քաղաքական հետապնդումները դադարեցնելն է ու քաղաքական գործունեության համար ձերբակալվածներին ազատ արձակելն է»:

Ստեփան Դեմիրճյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ընդդիմությունը նոր հանրահավաքներ է ծրագրում` նոր բախումներ հրահրելու նպատակով. - «Բախում չի լինի, եթե իշխանությունների չգնան բախումների. եւս մեկ անգամ նշեմ` ընդդիմության բոլոր հավաքները կրել են խաղաղ բնույթ»:

«Անցած նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը պետք է հանգուցալուծվի ընտրությունների միջոցով», - հայտարարեց նա: - «Այսօր նաեւ առաջարկներ, պահանջներ են հնչում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ... Մենք էլ ենք գտնում, որ այդ պահանջը շատ տրամաբանական է»:

«Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով հաղթահարել այս ճգնաժամը անհնար է... Եվ որեւէ բան ավարտված չէ. մարդիկ վիրավորված են, մարդիկ վրդովված են, եւ այս արտաքուստ հանդարտությունը որեւէ բան չի նշանակում», - ասուլիսում հայտարարեց ՀԺԿ-ի առաջնորդը:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG