Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Հարությունյան. «Կարծում եմ՝ հանրահավաքների իրավունքից զրկելը այնքան էլ ճիշտ չէ»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այնքան էլ ընդունելի չի համարում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում վերջերս արված փոփոխությունը, որը վերաբերում է այն իրադրությանը, երբ անկարգություններով ուղեկցված, զոհերի հանգեցրած հանրահավաքի դեպքում իրավունք է վերապահվում որոշակի ժամանակ արգելել հանրահավաքները՝ մինչեւ քննությունը պարզի մեղավորներին:

«Մենք կարծում ենք, որ դա այնքան էլ ճիշտ չէ, եթե մեկը դրա համար մեղավոր է, չի նշանակում, որ պետք է մնացածին զրկել: Հատկապես, որ նախաքննությունն էլ կարող է շատ երկար տեւել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Միաժամանակ, նրա կարծիքով, մնացած կետերը երկակի մոտեցում կարող են ունենալ. - «Մի կողմից, սահմանափակումների հետ համաձայն չենք, բայց մյուս կողմից, Եվրամիության մի շարք երկրներում այդ սահմանափակումները կան, դրա համար կսպասենք ապրիլի 15-16-ին Վենետիկի փորձագետների եւ Ազգային Ժողովի պատգամավորների քննարկումներն ինչով կավարտվեն»:

Հայաստանի մարդու իրավունքների գրասենյակն այսօր է սկսել օրենքի այս փոփոխությունների ուսումնասիրությունը՝ զուգահեռելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության հետ:

Արմեն Հարությունյանի կարծիքով, իրենց ամփոփ եզրակացությունը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG