Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 34/06 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նախաքննության արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը, նախնական համաձայնության գալով նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող Մուրադ Գրիգորյանի, վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ, փետրվարի 19-ին ժամը 14:30-ի սահմաններում ժամանել են նշված ընտրատեղամաս: Քվեարկության սրահ են մտել տվյալ ընտրատեղամասում ընտրողների ցուցակում չընդգրկված, ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող Զաքարյանը եւ Գրիգորյանը, ովքեր, ըստ դատախազության, միջամտել եւ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ ընտրողների անձնագրում դրոշմակնիք դնելու հարցի շուրջ վիճաբանել են հանձնաժողովի անդամների հետ, աղմկել, բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին:

Ընտրատեղամասից Զաքարյանի եւ Գրիգորյանի դուրս գալուց անմիջապես հետո նույն տեղամաս է մուտք գործել Սաղաթելյանը, ով նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ Սարգիս Պետրոսյանի ներկայությամբ, նույն դրոշմակնիքի վերաբերյալ հարցով վիճաբանել է, աղմկել, սպառնացել: Նրանից հետո տեղամաս է մուտք գործել Պետրոս Մակեյանը, ով նույնպես վիճաբանել է նույն հարցի շուրջ, սպառնացել եւ խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքներին:

Այդպիսով, ըստ դատախազության, Զաքարյանը, Գրիգորյանը, Սաղաթելյանը եւ Մակեյանը շուրջ կես ժամ կազմալուծել են ընտրատեղամասի աշխատանքները, ընտրական գործընթացը` «սերմանելով վախ եւ անվստահություն»:

Աշոտ Զաքարյանին, Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի երկրորդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, որոնցով 2-ից մինչեւ 5 տարվա ազատազրկում է սահմանվում «ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, եթե դա կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:

Մուրադ Գրիգորյանի վերաբերյալ գործն առանձնացվել է առանձին վարույթ, եւ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG