Մատչելիության հղումներ

logo-print

Որքան մոտենում է վերջին զանգը, այնքան ավելանում են ծախսերը


Ծախսերը շատ են` ծաղիկներ, միանման հագուստ, խնջույք, անպայման թանկարժեք նվեր դասղեկի համար, նվերներ մյուս ուսուցիչներին: Շատ դեպքերում աշակերտներն ու ուսուցիչները չեն գրում վերջին զանգի ավանդական սցենարը, այլ գնում են այն: Եթե դպրոցի դահլիճը փոքր է` պետք է ուրիշը գտնել եւ պատվիրել: Ահա մի մեծ ցանկ, որի համար հարկադրված են վճարել ծնողները:

Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի տասներորդցիները բավական պատրաստված էին եւ միանգամից զգուշացրին, որ չեն պատրաստվում ասել, թե ինչի համար որքան գումար են հավաքում, քանի որ այդ մասին խոսելն արգելվել է:

«Մենք ենք գրում մեր սցենարը, արդեն դասերից հետո մնում ենք եւ աշխատում, դահլիճ եւս չենք պատվիրելու, իսկ թե որքան գումար ենք հավաքում` մեր խնդիրն է», - ասացին նրանք:

Դպրոցի ուսմասվար Կարինե Խաչատրյանը նշում է, որ իրենց դպրոցում դրամահավաքները վաղուց արգելվել են, եւ եթե աշակերտներն ուզում են նոր հագուստ ձեռք բերել, ուսուցիչներին նվերներ գնել, ապա դա ուղղակի նրանց ցանկությունն է, իրենք չեն կարող վերահսկել եւ արգելել:

«Վերջին զանգից հետո խնջույքներ կազմակերպելն արգելվել է, աշակերտները ելույթից հետո գնում են Հանրապետության հրապարակ կամ զբոսնում են», - ասաց նա եւ ավելացրեց, որ աշակերտները խնջույք են կազմակերպում միայն ատեստատ ստանալուց հետո, երբ այլեւս կապ չունեն դպրոցի հետ, եւ դա չի կարող դիտվել որպես կաշառք կամ քննություններում լավ գնահատական ստանալու նախադրյալ:

Կրթության եւ գիտության նախարարության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ արգելված է գումար հավաքել, սակայն ծնողները կամավորության սկզբունքով կարող են դա անել:

Դպրոցից դուրս հավաքված աշակերտներն ավելի համարձակ էին եւ բողոքեցին դրամահավաքից:

«Ամեն մի մանրուքի համար գումար են պահանջում, ասում են, թե վերջին զանգ է, կյանքում մեկ անգամ է լինում, չեն մտածում, որ մեկը կարող է տալ, իսկ մյուսը` ոչ, եւ դա շատերին կաշկանդում է:
Թող լինի խնջույք, բայց ոչ լավագույն ռեստորանում, միայն ուսուցիչներին նվեր գնելու համար յուրաքանչյուրիցս 15 հազար դրամ են պահանջել», - խոստովանեցին նրանք:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG