Մատչելիության հղումներ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կամ նրա գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներում հացադուլ հայտարարած կալանավորներին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց օմբուդսմենը, 12 հացադուլավորների իրենք այցելել են երեկ:

Արմեն Հարությունյանի վկայությամբ` հացադուլավորների «իրավունքների տեսակետից, բժշկի վերահսկողության տեսակետից ամեն ինչ նորմալ է, նրանք մշտապես բժշկի վերահսկողության տակ են գտնվում»:

«Մշտապես այդ դինամիկան մեր վերահսկողության տակ է: Մի երկու օրից նույնպես անպայման կայցելենք նրանց», - ասաց օմբուդսմենը` հավելելով. - «Բայց բավական երկար ժամանակ է, որ Սուրեն Սուրենյանցն է հացադուլ անում, եւ այդ տեսակետից, ճիշտ է, բժշկի վերահսկողությունը կա, բայց, այնուամենայնիվ, առողջականի հետ կապված որոշակի խնդիրներ, կարծում եմ, որ կային»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մարտի 24-ից հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա փաստաբանի վկայությամբ` Սուրենյանցը մտահոգիչ վիճակում է, սակայն չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:

Արմեն Հարությունյանը հայտնեց, որ «որեւէ մեկը մեկուսարանից, քրեակատարողական վարչակազմից բողոք չի ունեցել». - «Նրանց միակ բողոքն այն է, որ հեռուստատեսությամբ իրենց քրեական հանցագործներ են անվանել, իսկ իրենք իրենց չեն համարում քրեական հանցագործներ: Բայց նմանատիպ հարցերի պատասխանը կտա արդեն դատարանը նախաքննությունից հետո»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որպեսզի պաշտպանը աջակցի առավել ծանր վիճակում գտնվող հացադուլավորներին, օմբուդսմենը պատասխանեց. - «Ցավոք, նմանատիպ իրավիճակում մենք միայն բժշկի վերահսկողությունը պետք է փաստենք, որ եթե հանկարծ կրիտիկական իրավիճակ առաջանա, ինչ-որ մի բան անեն: Խառնվելու իրավունք չունենք, որովհետեւ եթե մարդը հացադուլ Է անում` դա բողոքի մի ակցիա է, եթե խառնվենք, հացադուլը արհեստականորեն խախտենք, ինքը կարող է նաեւ բողոքել դրա դեմ, եւ նրա պահանջներն էլ, ըստ էության, քաղաքական են, այսինքն` այստեղ մարդու իրավունքների պաշտպանը որեւէ դերակատարություն չունի»:

Իսկ կիսո՞ւմ է արդյոք հացադուլավորների մտահոգությունը, ովքեր պնդում են, որ անազատության մեջ են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար` այս հարցին օմբուդսմենը հակադարձեց. - «Դուք ինձ քաղաքական հարց եք տալիս, որը, կարծում եմ, ինձ չպետք է ուղղված լինի: Ես չեմ կարող կիսել որեւէ մեկի քաղաքական հայացքը կամ ոչ քաղաքական հայացքը: Ես միայն փաստում եմ, որ կան մարդիկ, որոնք հացադուլ են անում, մենք մեզնից հասանելին` որպես մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, պետք է անենք, իսկ մնացածը արդեն քաղաքական դաշտի խնդիրներ են»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG