Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Առավոտ»-ի խմբագրականի` «գեներալ Մանվել Գրիգորյանը մեր հանրությանն է ներկայանում առնվազն երեք կերպարով»: «Նախեւառաջ, նա, իհարկե, պատերազմի հերոս է, որի սխրանքների առաջ բոլորս պարտավոր ենք գլուխ խոնարհել։ Երկրորդ՝ նա օլիգարխ է, որը, ինչպես բոլոր օլիգրախները, զբաղված է ժողովրդի կեղեքմամբ եւ հարստահարմամբ։ Եվ վերջապես, անցած ամիսներին նա իրեն դրսեւորեց որպես Տեր-Պետրոսյանի կողմնակից, ինչը, որպես քաղաքացիական դիրքորոշում, նույնպես արժանի է հարգանքի», - գրել է խմբագիրն ու ընդհանրացնելով` նկատել. - «Մանվելը միակ գեներալը չէ, որն ունի օրենքի կողմից չվերահսկվող բիզնեսներ, նա միակ պաշտոնյան չէ, որի ազգականներն իրենց սանձարձակ են պահում: Այդ ամենը անկախ Հայաստանի համար սովորական պրակտիկա է»: «Մանվելի բոլոր մեղքերը կներվեին, եթե նա կանգներ իշխանության կողքին, փառաբաներ, քծներ՝ «ում որ պետք է»։ Բայց գեներալը չվախեցավ իր համակրանքն արտահայտել Տեր-Պետրոսյանի հանդեպ եւ հենց դրա' համար պատժվեց», - եզրափակել է խմբագրականը:

«Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանը, իր հերթին, արձագանքելով գեներալ Մանվել Գրիգորյանին պաշտոնանկ անելու փաստին, շեշտադրել է. - «Այստեղ ըստ երեւույթին խնդիրն ամենեւին այն չէ, որ Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանից վրեժխնդիր է լինում Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու համար կամ իրեն չենթարկվելու համար։ Եվ ոչ էլ այն, որ նա Սերժ Սարգսյանին է ցանկանում ազատել ավելորդ հոգսերից»։ «Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ընթացքում ցույց է տվել, որ ունի մեկ հոգս` անձնական կարիերան, անձնական բարեկեցությունը։ Եվ քանի որ նա չկարողացավ լուծել իր մնալու հարցը, ապա գոնե ցանկանում է ապահովագրել իր «ծերությունը», որովհետեւ նրա բոլոր գործողությունները վերջին ամսվա ընթացքում ցույց տվեցին, որ այդ հարցում նա չի վստահում ոչ մեկին, անգամ` Սերժ Սարգսյանին», - դիտարկել է մեկնաբանը:

«Ազգ»-ի մեկնաբանի դիտարկմամբ` «ընդդիմության տերպետրոսյանական հատվածը մաքսիմալիստ են, նրանք դեռ հիմա էլ ուզում են ողջ իշխանությունն ու վերջ»։ «Դեռ շարունակում են ուզել հնի կազմաքանդում` ոչ ավել, ոչ պակաս: Ու չէին կարող մի պահ առաջ արթնանալ, խորհրդարանական ընտրություններին մասնակցել, ու թե տղա էին` մի 10-20 մարդանոց խմբակցություն ունենալ, Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմությունն էլ հետը մի կարգին «դվիժենի» խորհրդարանում կանեին, ինչ իմանաս` դեռ ՕԵԿ-ն էլ այդ դեպքում գուցե եւ ընդդիմադիր մնար` ընկերովի հարսանիքի հանգով», - հավելել է մեկնաբանը:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի ժամանակագրությանը, հետահայաց վկայել է. - «Մարտի 1-ի առավոտյան բռնի գործողություններին նախորդել էր պակաս նկատելի ապօրինությունների շղթա. օպերներն Ազատության հրապարակի մերձակայքից մարդկանց առեւանգում էին, շատերին ծեծելով ազատ արձակում։ Եթե անգամ չէին ծեծում, պարզաբանում էին, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներն ապօրինի են, եւ որ քաղաքացիները խախտում են հանրահավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգը»։ Իրականում, սակայն, ըստ հոդվածագրի, «ոչ մի կարգ էլ չէր խախտվում, հանրահավաքները լիովին օրինական էին, եւ դա ընդունեց անգամ Ռոբերտ Քոչարյանը` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքից հանելով առանց իրազեկման, ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառման հնարավորություն տվող դրույթը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG