Մատչելիության հղումներ

Յաապ դե Հոոպ Սխեֆեր. «Վրաստանը եւ Ուկրաինան պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցության»


«Վրաստանը եւ Ուկրաինան դեռեւս պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցության, սակայն մի օր կդառնան դաշինքի անդամներ», - այսօր Բուխարեստում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:

«Մենք այսօր համաձայնեցինք, որ այդ երկրները կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ», - թղթակիցներին ասել է Սխեֆերը: - «Մենք աջակցում ենք Անդամակցության գործողությունների ծրագրի համար այդ երկրների դիմումին»:

Նա հայտնել է նաեւ, որ երկու երկրների հետ բարձր մակարդակի երկխոսություն է սկսվելու:

Վրաստանը ողջունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը որպես «պատմական», թեեւ նախկին խորհրդային պետություններին չի շնորհվել անդամակցության թեկնածուի կարգավիճակ:

«Որոշում կայացվեց ընդունել մեր ընթացքը դեպի ՆԱՏՕ: Կարծում ենք, սա պատմական ձեռքբերում է Վրաստանի համար», - «Ֆրանսպրես» գործակալությանը հայտարարել է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացման նախարար Գեորգի Բարամիձեն:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը այսօր անդամակցության պաշտոնական հրավեր ուղարկեց Ալբանիային եւ Խորվաթիային: Ըստ DPA գործակալության, այդ երկու երկրները դաշինքի լիիրավ անդամներ կդառնան հաջորդ գագաթնաժողովում, որը կկայանա 2009 թվականի գարնանը:

Գագաթնաժողովը անդամակցության հրավեր չուղարկեց Մակեդոնիային, որը իր անվանման հետ կապված վեճ ունի Հունաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG