Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ-ի նախագահի հետ


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցած հետընտրական իրադարձություններով: Այդ մասին ասել է վեհաժողովի նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչը այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ:

Պյուչը ասել է, թե անձամբ է շահագրգռված Հայաստանում ժողովրդավարության սկզբունքների եւ արժեքների խորացման կապակցությամբ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԵԽԽՎ-ի նախագահը նշել է, որ չնայած հասկանալի են արտակարգ դրություն հայտարարելու պատճառները, այդուհանդերձ, այն զգալի սահմանափակումներ է առաջացնում ժողովրդավարության տեսանկյունից, եւ ողջունելի է, որ չերկարացվեց:

Պյուչը տեղեկացրել է նաեւ, որ պատրաստվում է առաջիկայում տարածաշրջանային այց կատարել Հարավային Կովկաս:

Տիգրան Թորոսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հավասարակշիռ արձագանքը հայաստանյան իրադարձություններին եւ կարեւորել Եվրախորհրդի դերակատարումը եւ առաքելությունը առկա խնդիրների լուծման առումով:

Նա բարձր է գնահատել նաեւ ԵԽԽՎ-ի զեկուցող Ջոն Պրեսկոտի գլխավորած ընտրական դիտորդական եւ ետընտրական փաստահավաք առաքելությունները եւ հավասարակշիռ ու անկողմնակալ է որակել Պրեսկոտի զեկույցը:

Ազգային ժողովի նախագահը այսօր հանդիպումներ է ունեցել նաեւ Ռուսաստանի Պետդումայի նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Բորիս Գրիզլովի եւ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ:

ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իսկ Հերմինե Նաղդալյանը` ԱՊՀ ՄԽՎ-ի Սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG