Մատչելիության հղումներ

Ղարաբաղի արտգործնախարարը պատգամավորներին իրազեկեց բանակցային գործընթացի վերջին միտումների մասին


Երեկ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը Արցախի խորհրդարանին տեղեկացրեց բանակցային գործընթացի վերջին միտումների մասին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը, «արտգործնախարարը հանձնաժողովի անդամներին եւ խմբակցությունների ղեկավարներին իրազեկեց բանակցային գործընթացի վերջին միտումների մասին, նկատի ունենալով, մասնավորապես, Կոսովոյի միջազգային ճանաչման համատեքստում Ադրբեջանի ձեռնարկած հակաքայլերը, ՄԱԿ-ի հայտնի բանաձեւի ընդունումը եւ ադրբեջանական կողմի դիմումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու կամ ձեւաչափը փոխելու մասին»:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ղարաբաղյան կողմի դիրքորոշման շուրջ:

Անդրադառնալով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի` այս շաբաթ Ստեփանակերտում արված հայտարարությանը, թե Հայաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ նրա հետ պայմանագիր կնքել, Վահրամ Աթանեսյանը հայտնեց իր անձնական կարծիքը. - «Հայաստանի կողմից շուտափույթ քայլեր ձեռնարկելու հեռանկար չկա»:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի պատգամավորների պատվիրակություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ հավանաբար ապրիլի 12-ից 20-ի ընթացքում, բայցեւ ավելացրեց, որ դա միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների նախապես ծրագրված հերթական հանդիպումն է:

«Բնականաբար, իրավիճակի հետ կապված քննարկումներ լինելու են: Համոզված եմ, օրակարգի հարցերից մեկը հենց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իրավիճակն է լինելու», - ասաց Ազգային ժողովի նախագահը:

«Լավ կլինի, որ մենք մեծ աշխատանք տանենք, եւ առաջինը Ղարաբաղը ճանաչեն տարբեր երկրներ», - ընդգծեց Տիգրան Թորոսյանը` հավելելով. - «Բայց վստահ եմ նաեւ, նորընտիր նախագահը, ինչպես պարոն Քոչարյանը, որի լիազորությունները ավարտվում են, այս առումով ընդհանուր տեսակետ ունեն, որը հետեւյալն է. սովորական ընթացքի դեպքում մի բան կարող է լինել, բայց ինչ-ինչ զարգացումների դեպքում, բնականաբար, ոչինչ չի կարող բացառվել»:

Ազգային ժողովի նախագահը կարծիք հայտնեց, որ համաձայնագիր ստորագրելը միջազգային իրավունքի շրջանակներում է. - «Վաղուց հասունացել է, առավել եւս, որ, կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է նաեւ, թեկուզեւ տեղային, ինչ-որ գործողություններ սկսել ռազմական, եւ Ադրբեջանը եւ մնացած բոլոր պետությունները պետք է շատ լավ իմանան, որ միջազգային իրավունքի սահմաններում Հայաստանը միշտ լինելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ժողովրդի անվտանգության երաշխավորը»:

Ընդդիմադիր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ օգոստոսից շրջանառության մեջ օրենսդրական նախաձեռնություն ունի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից ճանաչելու մասին:

Խմբակցության քարտուղար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ իրենք պնդելու են հենց ճանաչման հարցը. - «Մենք ոչ թե դեմ ենք համաձայնագրի ստորագրմանը, այլ մենք գտնում ենք, որ Ղարաբաղի միջազգային ճանաչման հրամայականը շատ ավելի մեծ պահանջներ է ներկայացնում: Համաձայնագրի ստորագրումը երկու հայկական պետությունների միջեւ, մեկը` դե յուրե ճանաչված, մեկը` դե ֆակտո, ըստ էության, շատ ավելի նեղ դաշտ է, քան այն դաշտը, որ մենք ենք առաջարկում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նույն հարցի կապակցությամբ ասաց. - «Ուզում եմ զգուշացնել մեր քաղաքական ուժերին այն գայթակղությունից, որ ուռա-հայրենասիրության շղարշի տակ իրականում մեծ վտանգներ էլ են թաքնված: Եթե մեր այս քայլը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Հայաստանի կողմից, չունենա միջազգային հանրության համար հասկանալի, ընդունելի բացատրություն, ապա դրանից Ղարաբաղի գործերը բոլորովին էլ միանշանակ չեն լավանա: Ես հակված եմ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելուն»:

Դաշնակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի համոզմամբ, հարցի վերջնական լուծումը Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունն է. - «Այս առումով, եթե անգամ պետք է այդ համաձայնագրի շրջանակներում սկսի Հայաստանը անկախության ճանաչումը, նույնպես ճանապարհ է»:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG