Մատչելիության հղումներ

Հաջորդ կոալիցիոն կառավարությունում Դաշնակցությունը ցանկանում է ավելի ազդու տեղերում ներկայացված լինել: Պաշտոնների շուրջ ընթացող բանակցություններում իրենց պահանջները այսպես ձեւակերպեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա հերքեց, թե Դաշնակցությունը արտգործնախարարի կամ սփյուռքի նախարարի պաշտոններն է պահանջում: Սփյուռքի նախարարը, Դաշնակցության կարծիքով, չպետք է լինի կուսակցական:

«Իսկ ոստիկանապետի՞», - այս հարցին Հրանտ Մարգարյանը արձագանքեց. - «Բնական է, որ ցանկացած կուսակցություն ուզենա ավելի ազդու տեղերում ներկայություն ունենալ»:

«Ազդու տեղերը», նրա խոսքերով, «ուժային նախարարություններն են, բնականաբար, տնտեսական-ֆինանսականներն են»:

«Պաշտպանության նախարարի մասին խոսում էիք, որ ունեք լավ կադրեր, օրինակ` Արթուր Աղաբեկյանի [ներկայումս` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ] անունն էր հնչում: Դա դեռ ուժի մե՞ջ է», - այս հարցին Հրանտ Մարգարյանը պատասխանեց. - «Մենք հիմա էլ ունենք լավ կադրեր, ոչ միայն պաշտպանության նախարարության, նաեւ մյուս նախարարության համար»:

Կադրային հարցերը, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի խոսքերով, քննարկվում են, բայց հստակություն եւ կոնկրետ պայմանավորվածություններ պաշտոնների բաժանման շուրջ չկան:

«Մենք պայմանական ենք մասնակցում կառավարության ձեւավորմանը` մեր դրած պայմաններով ենք մասնակցում», - ասաց դաշնակցական գործիչը` հավելելով. - «Նորընտիր նախագահը կամք ունի դրսեւորելու»:

«Ապագան թե ինչպես կլինի` ինձ շատ չի մտահոգում, որովհետեւ եթե լավ լինի` մենք լավի հետ ենք, եթե պետք է, մեր կամքին հակառակ, վատը լինի` մենք միշտ էլ ունենք այն քաղաքական կամքը մեր ճիշտ տեղը գտնելու այս քաղաքական իրավիճակի մեջ», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը:

Նա հնարավոր համարեց Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից, եթե իրենց քաղաքական պահանջները չկատարվեն. - «Անպայման այդպես է լինելու: Եթե այն, ինչ պայմանավորվել ենք, չհաջողվի, մենք անպայման դուրս ենք գալու»:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին` Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը ասաց, թե դրանք, «ողբերգական լինելով հանդերձ, կանխագուշակելի էին»:

«Կար պարզ ցանկություն` արտաքին, ոչ հայկական ուժերը Տեր-Պետրոսյանի միջոցով փորձում էին Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնել», - կարծում է Հրանտ Մարգարյանը: - «Վերջին հաշվով, մի բան էր` այս երկիրը խեղճացնել, այս երկիրը դնել տկար դիրքերի մեջ: Խեղճ, տկար երկիրը արտաքին միջամտության համար պարարտ հող է»:

Այն հարցին, թե կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը պատասխանեց. - «Մեզ համար դատելը, իսկապես, դժվար է այս պահին, չենք էլ շտապում: Կարելի է նաեւ մի 20 օր բանտ նստել, ոչինչ, մինչեւ որ հարցերը հստականան, եւ ես հուսով եմ, որ այդտեղ սխալ բան տեղի ունեցած չի լինի»:

Ներկայիս կոալիցիոն կառավարությունում Դաշնակցությանն են հատկացված կրթության եւ գիտության նախարարի եւ գյուղատնտեսության նախարարի պաշտոնները: Դաշնակցական է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, սակայն նա զբաղեցնում է Հանրապետական կուսակցությանը հատկացված պաշտոնը:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG