Մատչելիության հղումներ

Գեղամ Հարությունյան. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել»


«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել: Մտածում եմ, ինչպես բողոքարկել վճիռը», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը, որն այսօր պայմանական ազատազրկման է դատապարտվել:

Ավան եւ Նոր Նորք համայնքների դատարանը ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանին դատապարտել է մեկուկես տարվա պայմանական ազատազրկման:
Գլխավոր դատախազությունից ստացված հաղորդագրության համաձայն, դատարանը փորձաշրջան է նշանակել՝ մեկուկես տարի ժամկետով:

Գեղամ Հարությունյանը, ով ժամանակին եղել է պաշտպանության նախարարի տեղակալ, ասաց. - «Այն զենքը, որի ապօրինի պահպանության մեջ ես մեղադրվում եմ, 1998 թվականին պաշտպանության նախարարի հրամանով ինձ պարգեւատրած զենքն է՝ բանակաշինության գործում իմ ունեցած մեծ ավանդի համար: Պարզվում է, որ այդ զենքը գրանցված չէ ոստիկանությունում, եւ ինձ մեղադրել են, որ ես պետք է գրանցեի: Այնուամենայնիվ, մեղադրող կողմն էլ ընդունեց, որ այստեղ որեւէ հանցավոր դիտավորություն չկա, եւ համոզվեց, որ ես պարզապես անիրազեկության պատճառով չեմ գրանցել զենքը»:

Պատասխանելով առաջիկայում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության մասին հարցին, Գեղամ Հարությունյանն ասաց. - «Վերջին ժամանակներս ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, քաղաքականությունը շարունակում է հետաքրքրել ինձ, ես կորոշեմ իմ մասնակցության ձեւն ու չափը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG