Մատչելիության հղումներ

Հացադուլ է հայտարարել մոտ երեք տասնյակ կալանավորված եւ դատապարտյալ


Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի երեք քրեակատարողական հիմնարկներում հացադուլ է հայտարարել մոտ երեք տասնյակ մարդ: Նրանց մեղադրանք է ներկայացվել սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաղորդագրության համաձայն, ապրիլի 2-ի ժամը 13:00-ի դրությամբ հացադուլ հայտարարելու դիմումներ են ներկայացրել 29 կալանավորվածներ եւ դատապարտյալներ, մեկը՝ Ալեքսան Վարդանյանը, հայտնել է հացադուլից դուրս գալու մասին:

Հացադուլ հայտարարածների թվում են Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը: Մարտի 24-ից «Նուբարաշեն» հիմնարկում հացադուլ է անում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նույն հիմնարկում այսօրվանից նրան է միացել եւս 14 կալանավորված:

«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այսօր հացադուլ հայտարարած 10 կալանավորվածների թվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ այլոք:

4 կալանավորվածներ հացադուլի մասին հայտարարություն են տվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացված հայտարարությունում կալանավորվածները նշել էին. - «Եթե անհապաղ չվերանայվեն մեզ մեղսագրված հանցագործությունները, մենք՝ քաղաքական բանտարկյալներս, ապրիլի 2-ից մեկօրյա հացադուլ ենք հայտարարելու, իսկ ապրիլի 9-ից՝ անժամկետ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG