Մատչելիության հղումներ

Իլկա Կաներվան երեկ հեռացվել է ԵԱՀԿ-ի նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարարի պաշտոնից` մի էրոտիկ պարուհու ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված սկանդալի պատճառով:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` 60-ամյա Կաներվան նախ հերքել էր տեղական հանդեսներից մեկի հրապարակումը, թե նա բջջային հեռախոսով շուրջ 200 հաղորդագրություն է ուղարկել 29-ամյա պարուհուն, ապա անցած շաբաթ հրապարակավ ներողություն էր խնդրել` խոստովանելով հաղորդագրություններ ուղարկելու փաստը, սակայն, միաժամանակ, պնդելով, թե դրանք բոլորը գործնական բնույթի էին: Հանդեսը, այդուհանդերձ, երեկ հրապարակել է այդ հաղորդագրություններից մի քանիսը, որոնցով Կաներվան պարուհուն եւ նրա քրոջը առաջարկել էր հանդիպել, ինտիմ թեմաներ էր շոշափել:

Կաներվային պաշտոնանկ է արել Ազգային կոալիցիոն կուսակցությունը, որին կոալիցիոն կառավարությունում հատկացված է արտգործնախարարի պաշտոնը:

Հիմնավորելով իրենց որոշումը` կուսակցության նախագահ, Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Յիրկի Կատայնենը թղթակիցներին ասել է, թե «նախարարը վստահություն չի վայելում»:
«Դա ծանր որոշում է: Նա ընկեր է եւ լավ է կատարել իր աշխատանքը», - հայտարարել է Կատայնենը:

Հաղորդագրությունների հետ կապված նույնպիսի սկանդալի մեջ Կաներվան ներքաշվել էր 2005 թվականին, երբ զբաղեցնում էր Ֆինլանդիայի խորհրդարանի փոխոսնակի պաշտոնը:

«Նա խոստացել էր, որ չի կրկնի, սակայն չկատարեց իր խոստումը», - ասել է Կատայնենը:

Նա հայտնել է, որ արտգործնախարարի պաշտոնում առաջարկելու է Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Ստուբի թեկնածությունը, եւ հարցը քննարկել է երկրի նախագահ Տարյա Հալոնենի եւ վարչապետ Մատտի Վանհանենի հետ:

Ակնկալվում է, որ նոր արտգործնախարարը կնշանակվի ուրբաթ օրը:

Իլկա Կաներվան որպես ԵԱՀԿ-ի գործող նախագահ փետրվարի վերջին այցելել էր Հայաստան:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG