Մատչելիության հղումներ

Բուխարեստում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը


Այսօր Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում Վրաստանին եւ Ուկրաինային կարող է շնորհվել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիրը:

Երկու երկրների անդամակցության գործընթացը սկսելու կոչով այսօր առավոտյան Հյուսիսատլանտյան դաշինքին է դիմել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, ով արդեն ժամանել է Բուխարեստ: ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը Բուշը աջակցություն էր հայտնել նաեւ գագաթնաժողովի նախօրեին Կիեւ կատարած այցի ընթացքում:

Այդուհանդերձ, դաշինքի անդամ մի շարք պետություններ, այդ թվում Ֆրանսիան եւ Գերմանիան, ընդդիմանում են նման հեռանկարին` պնդելով, որ այդ երկրները չեն համապատասխանում կազմակերպության չափանիշներին:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, մասնավորապես, երեկ կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կխախտի հավասարակշռությունը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ:

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում նախատեսված է նաեւ ՆԱՏՕ-ին Խորվաթիայի, Ալբանիայի եւ Մակեդոնիայի անդամակցության հարցի քննարկումը:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը վաղը մասնակցելու է գագաթնաժողովի շրջանակներում անցկացվելիք հատուկ նիստին` նվիրված այդ երկրում ՆԱՏՕ-ի առաքելությանը:

Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ԱՄՆ-ի ծրագրերը եւս նախատեսվում է քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որպես հյուր կմասնակցի գագաթնաժողովի մարտի 4-ի աշխատանքներին, ինչից հետո իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշին կհյուրընկալի Սոչիում:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով վաղը Բուխարեստ կմեկնի Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների աշխատանքային ճաշին, որի ընթացքում տեղի կունենա «Եվրատլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայում» խորագրով քննարկում:

Բուխարեստում նախատեսվում է նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հայաստանի պատվիրակությունը նույն օրը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG